Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Չունցին կենտրոնական ենթակայության քաղաքի հենց սրտում Երկրորդ աշխարհամարտի տարիների նախկին ռմբապաստարանը վերածվել է քաղաքի ամենակոլորիտային ռեստորաններից մեկի։ Այստեղ է եղել NEWS.am-ի թղթակիցը։

1938–1943 թվականներին Չունցինը ենթարկվել է Ասիայի պատմության մեջ ամենաինտենսիվ ավիառմբակոծություններից մի քանիսին․ այդ տարիներին քաղաքի տակ տասնյակ կիլոմետրերով թունելներ փորվեցին, որոնք օդային հարձակումների ժամանակ բնակիչների փրկության միակ հույսն էին։ Այսօր այդ թունելների մի մասը լրիվ անսպասելի կիրառություն է գտել։

Քարե կամարները, որոնք ժամանակին քաղաքացիներին պատսպարում էին ռումբերից, այժմ ռեստորանի հյուրերին թաքցնում են փողոցային տապից՝ փոխարենն առաջարկելով մի ափսե կրակոտ «խոգո»՝ Չունցինի ավանդական «հոթ-փոթ»-ը։ Սեղանի կենտրոնում սիչուանյան պղպեղով ու չիլիով եռացող կծու արգանակով կաթսան է, իսկ շուրջը՝ միս, բանջարեղեն, սունկ և տոֆու, որոնք հյուրերն ինքնուրույն են եփում եռման ջրում։ Ստորգետնյա զովությունը փոխարինում է օդորակիչին՝ յուրահատուկ հակադրություն ստեղծելով ուտեստի այրող համի հետ, իսկ կոպիտ քարաշարվածքը հիշեցնում է վայրի անցյալի մասին։

Ուտելիքից զատ՝ այստեղ կազմակերպվում են թեյի ավանդական արարողություններ, իսկ երբեմն էլ՝ տեղական պարային ելույթներ․ հաստատության ժամանակակից ձևաչափը համադրվում է գրեթե թանգարանային մթնոլորտի հետ։

Դիանա Առուշանյան, Չունցին