«Ալտերնատիվա Գերմանիայի համար» (ԱԳՀ) աջակողմյան կուսակցության առաջնորդներից Ուլրիխ Զիգմունդը հայտարարել է, որ նոյեմբերին կամ դեկտեմբերին Գերմանիայում իր ղեկավարությամբ կարող է ձևավորվել առաջին տարածաշրջանային կառավարությունը, հայտնում է dpa-ն։

Նա այս հայտարարությունն արել է արևելյան Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ընտրություններում ԱԳՀ-ի հաղթանակից մոտ երկու շաբաթ անց։

«Ես ելնում եմ նրանից, որ նոյեմբերին կամ դեկտեմբերին Գերմանիայում կունենանք ԱԳՀ-ի գլխավորած առաջին կառավարությունը», — ուրբաթ օրը Մեկլենբուրգ - Առաջավոր Պոմերանիայում՝ Նոյբրանդենբուրգում ընթացող նախընտրական հավաքի ժամանակ ասել է Զիգմունդը։

Քաղաքական գործչի խոսքով՝ ԱԳՀ-ն այժմ բանակցություններ է վարում Սաքսոնիա-Անհալթում հնարավոր կառավարություն ձևավորելու շուրջ։ Նա նշել է, որ քննարկումները բարդ են, բայց կառուցողական բնույթ են կրում։

Զիգմունդը հավելել է, որ առաջիկա օրերին ու շաբաթներին կուսակցությունը կշարունակի քաղաքական գործընկերների որոնումը, որոնց հետ կկարողանա իրագործել իր ծրագրային պահանջների առավելագույն մասն ու կայուն կառավարություն ձևավորել առաջիկա հինգ տարիների համար։ Ընդ որում, նա հնարավոր է համարել բանակցությունները ոչ միայն խորհրդարանական խմբակցությունների, այլև առանձին պատգամավորների հետ։

Մոտ երկու շաբաթ առաջ Սաքսոնիա-Անհալթի լանդթագի ընտրություններում ԱԳՀ-ն ստացել էր քվեների 43,8%-ը, ինչը Գերմանիայի տարածաշրջանային ընտրություններում նրա լավագույն ցուցանիշն է։ Այդուհանդերձ, կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չի ապահովել, և կառավարություն կազմելու համար նրան անհրաժեշտ է այլ քաղաքական ուժերի կամ պատգամավորների աջակցությունը։

Զիգմունդը ելույթ է ունեցել Նոյբրանդենբուրգում՝ Մեկլենբուրգ - Առաջավոր Պոմերանիայի կիրակի օրը սպասվող ընտրություններից առաջ ԱԳՀ-ի եզրափակիչ հանրահավաքում։ Միջոցառմանը մասնակցում էին նաև կուսակցության համանախագահներ Թինո Խրուպալան ու Ալիս Վայդելը, ինչպես նաև տարածաշրջանային կառավարության ղեկավարի ԱԳՀ թեկնածու Լեյֆ-Էրիկ Հոլմը։

ԱԳՀ-ն արդեն մի քանի ամիս գլխավորում էր Մեկլենբուրգ - Առաջավոր Պոմերանիայում անկացված հարցումները։ Կուսակցությունը ծրագրում է ամրապնդել դիրքերը Սաքսոնիա-Անհալթում տարած հաղթանակից հետո։ Ընտրություններում նրա հիմնական մրցակիցներից է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), որի տեղական ցուցակը գլխավորում է գործող վարչապետ Մանուելա Շվեզիգը։