Մեղրիկյան աչքի կենտրոնն իրականցնում է դիաբետիկ ռետինոպաթիայի կանխարգելմանն ուղղված ծրագիր Գեղարքունիքի մարզում, որի նպատակն է նվազեցնել կուրությունը եւ տեսողական այլ խնդիրները շաքարային դիաբետով հիվանդների շրջանում:  Դիաբետիկ ռետինոպաթիան շաքարային դիաբետի տարածված բարդություն է:  Շաքարային դիաբետի ճիշտ եւ ժամանակին վերահսկման դեպքում նշանակալիորեն նվազում է դիաբետիկ ռետինոպաթիայի առաջացման վտանգը:

Ծրագիրն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի հինգ հիմնական քաղաքները՝ Սեւան, Գավառ, Ճամբարակ, Մարտունի եւ Վարդենիս, եւ մարզի խոշոր գյուղերը: Շաքարային դիաբետով հիվանդները հրավիրվում են մոտակա բժշկական կենտրոն անվճար ակնաբուժական զննում եւ խորհրդատվություն ստանալու համար:  Հիվանդներին նաեւ տրամադրվում է շաքարային դիաբետի ճիշտ վարման եւ դիաբետիկ ռետինոպաթիայի վերաբերյալ կրթական նյութեր, ինչը նպատակ ունի բարձրացնելու իրազեկման մակարդակը հիվանդության կանխարգելման վերաբերյալ շաքարային դիաբետով հիվանդների շրջանում: 

Մինչ օրս Մեղրիկյան կենտրոնի մասնագիտական խումբը այցելել է Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ եւ Ճամբարակ քաղաքներ եւ իրականցրել է ակնաբուժական զննում 268 հիվանդների շրջանում:  Մեղրիկյան կենտրոնի այս գործընթացը շարունակվում է:

Նշենք, որ Կարո Մեղրիկյանի անվան կանխարգելիչ ակնաբուժության կենտրոնը գործում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնին կից 1999թ.-ից: