Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դիմանկարը Բեռլինի թանգարանի ցուցադրությունում կմնա նախատեսվածից ավելի երկար՝ այցելուների մեծ հետաքրքրության պատճառով, հաղորդել է dpa-ն՝ հղում կատարելով Բեռլինի կենտրոնում գտնվող Բոդե թանգարանին։
Կտավը հանրությանը ներկայացվել է հուլիսի 1-ին։ Դրանից հետո թանգարանի այցելուների թիվը նկատելիորեն աճել է, նշվել է հաստատության հաղորդագրության մեջ։ Սկզբում նախատեսվում էր, որ դիմանկարը ցուցադրությունում կմնա մինչև հոկտեմբերի 4-ը, սակայն այժմ այն թանգարանում կթողնեն մինչև 2027 թվականի հունվարի 3-ը։ Դրանից հետո նկարը որպես փոխառություն կհանձնեն Գերմանիայի կանցելյարիային։
Մերկելը, որը 16 տարի զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը և այն թողել 2021 թվականի դեկտեմբերին, միանգամից չէր որոշել, թե ով պետք է նկարեր իր պաշտոնական դիմանկարը։ Հունիսի վերջին կտավի ներկայացման ժամանակ նա բացատրել է, որ պաշտոնից հեռանալուց հետո իրեն ժամանակ և որոշակի հեռավորություն էր անհրաժեշտ։
Դիմանկարի հեղինակը երիտասարդ ֆրանս-գերմանացի նկարիչ Ժերեմի Կեյրասն է։ Նա ծնվել է գերմանական Ֆրայբուրգ քաղաքում, երաժիշտների ընտանիքում։ 2022 թվականին նկարիչը Մերկելին ձեռքով գրված առաջարկ էր ուղարկել՝ ստեղծելու նրա դիմանկարը։
Նկարում նախկին կանցլերը պատկերված է վառ կապույտ պիջակով՝ ոսկեգույն-շագանակագույն ֆոնին։
Հոկտեմբերի 4-ին Մերկելը պետք է այցելի Բոդե թանգարան։ Այցի ընթացքում նա նաև կկարողանա ստորագրել իր դիմանկարի պատկերով բացիկներ։




























