ՀԴԲ-ն զգուշացրել է ամերիկյան իրավապահ մարմիններին կեղծ ծանոթությունների հարցաթերթիկների մասին, որոնք կանանց մի փոքր խումբ ստեղծում էր ներգաղթի ծառայության աշխատակիցների համար։

Գերատեսչության ներքին գրության համաձայն, որը հրապարակել է NBC News-ը, այդ հարցաթերթիկները պետք է ուժայիններին գայթակղեին առցանց կամ իրական հանդիպումների, որից հետո նախատեսվում էր նրանց հրապարակայնորեն բացահայտել և հրապարակել նրանց անձնական տվյալները։

Գրությունը փետրվարին տարածել է ՀԴԲ-ի Չիկագոյի բաժանմունքը։ Փաստաթղթում ասվում է, որ կեղծ օգտահաշիվները սկսել են ստեղծել հունվարին և ձևավորել են դրանք «ավանդական կնոջ» ոճով՝ համապատասխան լուսանկարներով և հետաքրքրություններով, որոնք, ենթադրաբար, կարող էին գրավել իրավապահ մարմինների աշխատակիցներին։

Գրության համաձայն՝ նպատակը ներգաղթի ծառայությունների աշխատակիցների հետ կապ հաստատելն էր՝ ռոմանտիկ հանդիպման պատրվակով, ապա նրանց ինքնության մասին տեղեկությունը հրապարակայնորեն բացահայտել համացանցում։ ՀԴԲ-ում ենթադրել են, որ նման մարտավարությունը պետք է աշխատակիցների մոտ առաջացներ «հրապարակային նվաստացում» և նրանց հետ պահեր ներգաղթի շուրջկալներին ու միգրացիոն օրենսդրության պահպանման վերահսկման այլ միջոցառումներին մասնակցելուց։

Գրության մեջ չի նշվում, թե կոնկրետ որտեղ են ստեղծվել հարցաթերթիկները, և չեն բերվում պրոֆիլների կոնկրետ օրինակներ։

NBC News-ը փաստաթուղթը ստացել է պետական մարմինների աշխատանքի թափանցիկության հարցերով զբաղվող Property of the People ոչ առևտրային կազմակերպությունից։ Կազմակերպությունն այն ստացել է պետական փաստաթղթեր տրամադրելու հարցման շրջանակում։ Ավելի վաղ գրության մասին հայտնել էր The Guardian թերթը։ ՀԴԲ-ն հաստատել է փաստաթղթի իսկությունը NBC News-ին։

Գերատեսչությունը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ հետախուզական նյութի բովանդակությունը, սակայն հայտարարել է, որ պարբերաբար իրավապահ մարմիններին փոխանցում է տեղեկություններ, որոնք օգնում են պաշտպանել ինչպես քաղաքացիներին, այնպես էլ հենց աշխատակիցներին։

ՀԴԲ նախազգուշացումը հայտնվել է դաշնային ներգաղթի ծառայությունների լայնածավալ գործողությունների ֆոնին։ Հունվարին հազարավոր աշխատակիցներ ուղարկվել էին Մինեապոլիս և Սենթ Փոլ քաղաքների շրջան՝ «Metro Surge» անվանված գործողության շրջանակում, ինչպես այն անվանել էին դաշնային իշխանությունները։ Դրա մասշտաբները կրճատվել են ԱՄՆ երկու քաղաքացիների՝ Ռենե Գուդի և Ալեքս Փրեթիի մահից հետո, որոնք Մինեապոլիսում բողոքում էին ներգաղթի ծառայությունների գործողությունների դեմ։

Դաշնային իշխանությունների գործողություններն ու բողոքողների մահը ԱՄՆ-ում առաջացրել են զանգվածային բողոքի ակցիաներ և լայն հասարակական արձագանք։ Մի քանի ամիս առաջ ներգաղթի ծառայությունների «Midway Blitz» անունով լայնածավալ գործողություն էր անցկացվել Չիկագոյում։