ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն կարճել է իր գտնվելը Քեմփ Դևիդի արտագնա նստավայրում և շաբաթ օրը վերադարձել Սպիտակ տուն՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին, հաղորդում է AFP-ն։

Սկզբում հաղորդվել էր, որ Թրամփը հանգստյան օրերը կանցկացնի Մերիլենդ նահանգի Քեմփ Դևիդում և կիրակի կվերադառնա Վաշինգտոն։ Վարչակազմից չեն բացատրել ծրագրերի փոփոխության պատճառները։ Միևնույն ժամանակ, նախագահի հանգստյան օրերի ուղևորությունների ժամանակացույցը հաճախ ճշգրտվում է, այդ թվում՝ եղանակային պայմանների պատճառով։ Կիրակի Քեմփ Դևիդի շրջանում կանխատեսվում էին անձրևներ և ամպրոպներ։

Թրամփի ծրագրերի փոփոխությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ եմենյան հութիների դեմ պայքարող կոալիցիան հայտարարեց, որ խմբավորումը բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Էր Ռիյադ։

Այս ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտը և Մերձավոր Արևելքում մի քանի ամերիկյան դեսպանություններ նախազգուշացումներ տարածեցին ԱՄՆ քաղաքացիների համար։ Դրանցում նշվում է «չնախատեսված էսկալացիայի» հնարավորության մասին, ինչպես նաև հիշեցվում է, որ Իրանի աջակցությունը վայելող հութիները նախկինում հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի վրա, այդ թվում՝ քաղաքացիական օդանավակայաններին։

Պետդեպարտամենտից նախազգուշացրել են, որ հակամարտությունը կարող է արագ վերաճել ավելի լայնածավալ դիմակայության, և կոչ արել Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացիներին լրջորեն վերանայել տարածաշրջան և դրա միջոցով ուղևորությունների անհրաժեշտությունը։