ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի սկզբին Նյու Դելիում անցկացված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում բաց է թողել համաշխարհային առաջնորդների ընթրիքը, քանի որ վատ է զգացել իրեն, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Սա տեղի է ունեցել չինացի առաջնորդի՝ ԱՄՆ նախատեսված այցից մի քանի օր առաջ և «նոր հարցեր է առաջացրել նրա առողջության վերաբերյալ»։
Պարբերականի տվյալներով, Սին վերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 12-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կողմից գագաթնաժողովի մասնակիցների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին։ Նրա փոխարեն միջոցառմանը ներկա է եղել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, որը շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ օտարերկրյա առաջնորդների հետ։ Ավելի վաղ նույն օրը Սին մասնակցել էր գագաթնաժողովին և երկկողմ հանդիպում անցկացրել Մոդիի հետ։
Չինացի առաջնորդի բացակայության պատճառը սկզբում չէր հայտարարվել։ Հնդկական PTI լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սին վերադարձել է հյուրանոց՝ հանգստանալու։ Ավելի ուշ WSJ-ի աղբյուրները հաղորդել են, որ նա իսկապես վատ է զգացել իրեն։ Միաժամանակ պարբերականը ընդգծում է, որ որևէ հաստատում չկա լուրջ հիվանդության, կաթվածի կամ գիտակցության կորստի մասին, որոնց վերաբերյալ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել սոցիալական ցանցերում։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը նման լուրերը կեղծ է անվանել։
Սիի բացակայությունը հատուկ ուշադրություն է գրավել, քանի որ սա նրա առաջին այցն էր Հնդկաստան վերջին յոթ տարվա ընթացքում։ Բացի այդ, չինացի առաջնոնրդը արդեն հաջորդ շաբաթ պետք է այցելի ԱՄՆ։ Նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արհեստական բանականության, Թայվանի, առևտրի և Իրանի հարցերը։ WSJ-ի տվյալներով, իրավիճակին ծանոթ աղբյուրները չեն կարծում, թե Սիի այցի ծրագրերը փոխվել են։
Այս պատմությունը կրկին ուշադրություն է հրավիրել չինական քաղաքական համակարգի փակ լինելու վրա։ ՉԺՀ բարձրագույն ղեկավարների առողջական վիճակի մասին ավանդաբար հրապարակավ չի խոսվում, իսկ Սի Ծինփինը, որը 73 տարեկան է, 2018 թվականին նախագահական ժամկետների սահմանափակման վերացումից հետո իրավահաջորդ չի նշանակել։
Այդ պատճառով նրա հրապարակային գրաֆիկում ցանկացած անսպասելի փոփոխություն դառնում է չինական ղեկավարության վիճակի վերաբերյալ լրացուցիչ հարցերի առիթ։
WSJ-ն նաև հիշեցնում է վերջին տարիների մի քանի դրվագների մասին, երբ դիտորդները ուշադրություն էին դարձնում Սիի ֆիզիկական վիճակին, սակայն ընդգծում է, որ նման դիտարկումները ինքնին թույլ չեն տալիս բժշկական եզրակացություններ անել։




























