Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը կբարդացնի Մեծ Բրիտանիայի հաջորդ բյուջեի նախապատրաստումը, Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է կանանց և հավասարության հարցերով նախարար, Լեյբորիստական կուսակցության նախագահ Բրիջեթ Ֆիլիպսոնը։
Ըստ նրա, Մերձավոր Արևելքում հակամարտությունն արդեն ազդում է նավթի համաշխարհային մատակարարումների վրա և ուժեղացնում գնաճային ճնշումը, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում ֆինանսների նախարար Ջոն Հիլիի համար։
«Սա չի վերացնում շատ իրական խնդիրները, հատկապես՝ կապված այն հակամարտության հետ, որը մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքում, և դրա հետևանքների հետ այստեղ՝ երկրում գտնվող բիզնեսների և ընտանիքների համար», — ասել է Ֆիլիպսոնը։
Նրա կարծիքով, բրիտանական տնտեսությունն, ընդհանուր առմամբ, գտնվում է կայուն վիճակում, մասնավորապես՝ տնտեսական աճի ցուցանիշների շնորհիվ։ Սակայն պատերազմի հետևանքները, ներառյալ էներգակիրների գների և կյանքի արժեքի վրա ազդեցությունը, անհրաժեշտ է հաշվի առնել բյուջեի նախապատրաստման ընթացքում, որը կառավարությունը կներկայացնի հաջորդ ամիս։
Ֆիլիպսոնն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան որոշել է չմասնակցել ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությանը և այդ որոշումը ճիշտ է անվանել։ Ըստ նրա, Վաշինգտոնն ինքնուրույն է որոշում իր արտաքին քաղաքականությունը, մինչդեռ Լոնդոնը պետք է ելնի սեփական ազգային շահերից։
Միևնույն ժամանակ նախարարը հայտարարել է, որ եթե կառավարությունը ղեկավարեին Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոհը կամ Reform UK-ի առաջնորդ Նայջել Ֆարաջը, ապա Մեծ Բրիտանիան «գլխովին կնետվեր անվերջ հակամարտության մեջ»։
Ֆիլիպսոնի հայտարարությունները հնչել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում վարչապետ Էնդի Բերնհեմի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպման նախօրեին։ Կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Բերնհեմը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։
Ավելի վաղ, լինելով Մեծ Մանչեսթերի քաղաքապետ, Բերնհեմը հայտարարել էր, որ Թրամփին քաղաքում ուրախությամբ չեն ընդունի, իսկ այն բրիտանացի քաղաքական գործիչները, որոնք փորձում են նրան հաճոյանալ, «պետք է ամոթ զգան»։ Ֆիլիպսոնը հայտարարել է, որ նման տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն երկու երկրների միջև աշխատանքային հարաբերություններին։
«Մենք չունենք նույն քաղաքական հայացքները, բայց Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները դուրս են ցանկացած առանձին նախագահի կամ վարչապետի շրջանակներից», — ասել է նա։
Ֆիլիպսոնը հավելել է, որ այս հարաբերությունները պահպանվել են դարերի ընթացքում՝ չնայած քաղաքական տարաձայնություններին, և ընդգծել է, որ կառավարության առաջնահերթությունը մնում են Մեծ Բրիտանիայի ազգային շահերը։





























