ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը կիրակի օրը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին, հաղորդում է AFP-ն։
Ինչպես հայտնել է Եգիպտոսի նախագահի գրասենյակը, հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսի հետախուզության ղեկավար Հասան Ռաշադը։ Կողմերը քննարկել են Իրանի հետ հակամարտությունը, Գազայի հատվածում իրավիճակը և Սուդանի պատերազմը, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների վրա հարձակումներն ու ծովային նավագնացության անվտանգության սպառնալիքները։
Աս-Սիսին ընդգծել է «տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման քաղաքական և դիվանագիտական միջոցների առաջնահերթ կարևորությունը», ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։
Իր հերթին, Ռեթքլիֆը, ըստ եգիպտական կողմի, բարձր է գնահատել «Եգիպտոսի առանցքային դերը» տարածաշրջանային ճգնաժամերի խաղաղ և համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերում։
ԿՀՎ-ի ղեկավարի այցը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտությունների հետագա սրման ֆոնին։ Եգիպտոսը ավանդաբար նկատելի միջնորդական դեր է խաղում տարածաշրջանային դիվանագիտության մեջ, այդ թվում՝ Գազայի հատվածին առնչվող հարցերում։
Բանակցությունների մյուս մանրամասներն ու դրանց արդյունքներով հնարավոր պայմանավորվածությունները կողմերը առայժմ չեն բացահայտել։





























