Facebook-ի օգտատերերը 4-ամյա տղային ախտորոշում են տվել, որը չեն կարողացել հասկանալ բժիշկները: Բժիշկները կարծում էին, որ տղայի շնչառության ուշացումները մանկական հիստերիայի դրսեւորումներ են:

Հարավային Ուելսից 33-ամյա Էրիս Օուենսը տեսանկարահանել է իր որդի Էվան Օուենսի անհասկանալի ցնցումներից մեկը եւ տեղադրել Facebook-ի իր էջում: Սոցիալական ցանցում նա հարց է տվել` «Ինչ-որ մեկը գիտի՞, թե ինչ է սա», եւ նրա ընկերներից մեկը պատասխանել է, որ դա նման է հազվագյուտ խանգարման, որը կոչվում է «սովորական անթթվածին ուշագնացություն» (Reflex Anoxic Seizures): Նման ուշագնացությունները կարող են առաջ գալ  ցավից կամ վախից եւ հանգեցնել  սրտի աշխատանքի դանդաղեցման եւ անգամ սրտի աշխատանքի լրիվ կանգի, գրում է  «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Daily Mail-ին:

Երեխային տեղափոխել են Ուելսի Քարդիֆի համալսարանական հիվանդանոց, որտեղ սոցցանցի ախտորոշումը հաստատվել է: 

Ըստ բժիշկների` փոքրիկ Էվանը պետք է իր հիվանդությունը հաղթահարի տարիքի հետ: Այժմ մանկապարտեզի դաստիարակները գիտեն` ինչ անել, եթե երեխայի մոտ  նոպա սկսվի, որը կարող է 45 վայրկյան տեւել եւ երեխային անգիտակից վիճակի հասցնել: