ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Չինաստանի Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենգը առևտրի և արհեստական բանականության հարցերով հաջող խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրների ղեկավարների հանդիպումից առաջ, հայտնել են ամերիկյան և չինական ԶԼՄ-ները։
«Մենք չինական կողմի հետ շատ հաջող հանդիպում անցկացրինք առևտրի և արհեստական բանականության շուրջ»,- Նյու Յորքում բանակցությունների ութժամյա փուլի ավարտից հետո լրագրողներին հայտարարել է Բեսենթը։
«Սինհուան» քննարկումներն անվանում է «անբռնազբոս, խորքային և կառուցողական»։
Գործակալության հաղորդմամբ՝ մտքերի փոխանակում է կայացել նախորդ խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման, ինչպես նաև առևտրի ու ներդրումների զարգացմանն աջակցելու շուրջ, քննարկվել են նաև ԱԲ-ի հարցեր։
Իր հերթին South China Morning Post-ը պարզաբանում է, որ հանդիպմանը քննարկվել են առևտրի և ԱԲ զարգացման ոլորտում կոնկրետ նախաձեռնություններ։
Բեսենթը նշել է, որ կողմերը պայմանավորվել են արհեստական բանականության շուրջ երկխոսություն ձևավորել, որն ուղղված կլինի նպատակների և սպառնալիքների ընդհանուր ընկալման հասնելուն, պարզաբանում է թերթը։
Սպասվում է, որ աշխատանքային խմբերը կշարունակեն խորհրդակցությունները երկուշաբթի օրը։
Bloomberg-ն, իր հերթին, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԱԲ թեման, ինչպես սպասվում է, առանցքային կմնա խորհրդակցությունների ընթացքում։ Գործակալությունը հիշեցնում է, որ այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի վերջին հանդիպումից ի վեր հենց արհեստական բանականությունն է դարձել երկու երկրների հարաբերություններում «լարվածության նոր օջախ»։
Բացի այդ, Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն և Չինաստանն աշխատում են ամերիկյան էներգակիրների և գյուղատնտեսական ապրանքների սակագների նվազեցման ուղղությամբ։
Ավելի վաղ Բեսենթը X սոցիալական ցանցում գրել էր Թրամփի և Սի Ծինփինի առաջիկա հանդիպմանն ընդառաջ Հե Լիֆենգի հետ ամերիկա-չինական տնտեսական և առևտրային հարաբերությունների քննարկման մասին։
Սի Ծինփինի այցը Վաշինգտոն սպասվում է սեպտեմբերի 24-ին։





























