Ղրղզստանում «արաշան» մսայուղատու ցեղատեսակի խոյը վաճառվել է մեկ միլիոն դոլարով։ Կենդանին Ֆրանկել անունով խոյի սերունդն է, որին 2023 թվականին Ղազախստանում գնել էին 150 հազար դոլարով։

Ղրղզստանի գյուղնախարարության տվյալներով՝ խոշոր գործարքը կնքվել է միջազգային փառատոնի ընթացքում, որին մասնակցել են Ռուսաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի ֆերմերները։ Միջոցառումը նվիրված էր «արաշան» ցեղատեսակի զարգացմանը։

Ցեղատեսակը Ղրղզստանում պաշտոնապես գրանցվել է 2021 թվականին։ Դրա ստացման աշխատանքները սկսվել էին դեռ 1970-ականներին Չույի մարզի Մեքենափորձարկման կայանում։ Խաչասերման համար օգտագործվել են Տաջիկստանից ներկրված հիսարյան խոյերն ու տեղական կոշտաբուրդ մաքիները։

Գյուղնախարարության փոխանցմամբ՝ «արաշան» ցեղատեսակն աչքի է ընկնում նուրբ ու հյութալի մսի, ինչպես նաև դմակի յուղի բարձր ելքով։ Այն հիանալի հարմարեցված է ինչպես բարձրլեռնային, այնպես էլ հարթավայրային տափաստանային պայմաններում պահվելուն։ Այս ոչխարները դիմացկուն են, լավ են տանում արոտավայրերում երկարատև արածեցումը, ինչպես նաև մսուրային պահվածքը։