Որդիս՝ Նարեկը զորակոչվել է 2022–ին, Ներքին Հանդ, զոհվել է դեկտեմբերի 13–ին, երբ հարձակվել էին ադրբեջանցիները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21–ին, Եռաբլուր պանթեոնում, NEWS.am—ի հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Նարեկ Հայրապետյանի հայրը՝ Արման Հայրապետյանը։

«Ուզում էր գյուղատնտես դառնալ, շատ էր սիրում գյուղը, հողը, կապված էր հողի հետ, գյուղի հետ։ Շատ հայրենասեր էր, կար հնարավորություն, որ չգնա բանակ, բայց ասում էր՝ չէ, ես պիտի գնամ, ծառայեմ։ Շատ էր սիրում ծառայությունը, ասում էր, որ հնարավորություն լինի, կարող է մնամ, շարունակեմ ծառայությունը։

Վերջին անգամ խոսել եմ դեկտեմբերի 12-ին։ ասաց՝ լավ ա ծառայությունը, պապ ջան, բան չի մնացել, համբերի, կգամ, թև ու թիկունք կլինեմ քեզ։ Դա է եղել, վերջին խոսքը։

Ես իրեն ասում էի՝ տղա ջան, դու հիմա Աստծուն մոտ ես,  քեզ Աստված վերցրեց, գոնե թող քո փոխարեն մի ուրիին տա։ Ճիշտ է՝ իր տեղը չի տա։ Աստված կամեցավ, նոր Նարեկ ծնվեց, արդեն 1.5 տարեկան է։ Հիմա դա եմ խոսում իր հետ, որ ախպերդ քեզ նման է, իր հոգին իր եղբոր մեջ է։

Կյանքը շարունակվում է, ինձ թվում է՝ իրենք ամեն ինչ տեսնում են, պատմելը անիմաստ է։ Իրենց շնորհիվ է, որ մենք հիմա անկախ ենք, մենք ենք մեր երկրի տերը»,–ասաց նա։