Գրեթե 15 օրից ավելի է՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ 18-րդ փողոցում խմելու ջրի խողովակի վնասումից հետո, ինչպես նշում էին բնակիչները, «Վեոլիա ջուր»-ն ու Էրեբունու թաղապետարանը ցուցաբերում են քար անտարբերություն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, կայքի հետ զրույցում բնակիչները նշել են. «15 օրից ավելի է՝ դիմում ենք «Վեոլիա ջուր» ընկերություն, Էրեբունու թաղապետարան, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ասֆալտը մարդաբոյ փոսի չափ բացվել ու նստվածք է տվել ու մինչև այսօր սպասում ենք, թե երբ են պատասխանատուները ժամանելու ու փոսը վերացնելու։

Անգամ Երևանի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան, որ ժամանել էր տների աղբը տեղափոխելու, հայտնվեց փոսում ու կողաշրջվեց։ Երջանիկ պատահականությամբ մարդիկ չտուժեցին։

Ամբողջ ջրերը լցվում են մարդկանց տներ, որոնցից մի քանիսն արդեն դարձել են վթարային, մի քանի տան շինություններ փլուզվել են, իսկ մի քանիսն էլ փլուզման եզրին են։ 

Ստիպված էս ամբողջ փողոցի բնակիչներով, որտեղ մոտ 220 տուն կա, բողոքի ակցիաներ ենք իրականացնելու և Երևանի քաղաքապետարանի դիմաց, և ՀՀ Կառավարության»։