Եվրամիությունը հայտարարել է Պետդումայի ընտրություններից հետո Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։

Այս հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 18-20-ի քվեարկությունը «ընդգծել է Ռուսաստանում ժողովրդավարության շարունակական և խորացող էրոզիան՝ ավելի ու ավելի ավտորիտար քաղաքական մթնոլորտի պայմաններում»։

«Դաշնային ցուցակով «Յաբլոկո» կուսակցության թեկնածուներին չգրանցելու որոշումն ավելի սահմանափակեց ռուսաստանցի ընտրողների ընտրությունը՝ ընտրական գործընթացից դուրս մղելով վերջին մնացած ընդդիմադիր ուժերից մեկին և հակապատերազմական ծրագրով միակ կուսակցությանը», — DW-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ։

Կալասը մատնանշել է ՌԴ իշխանությունների կողմից «վարչական և դատական ռեսուրսների լայնամասշտաբ չարաշահումները», զանգվածային լրատվամիջոցների ազատության սահմանափակումը, ԵԱՀԿ դիտորդների մուտքի արգելքը, ինչպես նաև այն փաստը, որ ՌԴ քաղաքացիները «զրկված են եղել իրենց երկրի ապագայի իրական ընտրության հնարավորությունից»։

ԵՄ ներկայացուցիչը խոստացել է աջակցել ՌԴ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, իրավապաշտպաններին և անկախ ԶԼՄ-ներին։ Նրա խոսքով՝ Բրյուսելը նոր պատժամիջոցներ է ծրագրում Ուկրաինայի օկուպացված տարածքներում քվեարկության կազմակերպմանը մասնակցած անձանց կամ թեկնածուների, ինչպես նաև «Ռուսաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը տապալելու համար պատասխանատուների» դեմ։