Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական ուղղությամբ բավական հետաքրքիր աշխատանք է տարվում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, այսօր` մայիսի 21-ին, կայացած հեռուստակամուրջի ընթացքում` պատասխանելով ռազմա-տեխնիկական համագործակցության մասին հարցին:
Նրա խոսքով, որպես պիլոտային նախագիծ, իրացվում են խնդիրներ, որոնք կապված են միջպետական ռազմա-տեխնիկական համագործակցության հետ: «Այդ աշխատանքի շրջանակներում մենք ժամանակին պայմանավորվել էինք Հայաստանի տարածքում 5-6 համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մասին` սպառազինության վերանորոգման, ոչնչացման կամ արդիականացման համար: Եւ ես ուրախ եմ, որ նախագծերը սկսել են գործնականում իրականացվել»,- ասել է Բորդյուժան` հավելելով, որ նման աշխատանք է տարվում Ղրղըզստանի, Ղազախստանի, Բելառուսի հետ:
«Ռազմա-տեխնիկական համագործակցությունը հետաքրքիր է բոլոր երկրների համար: Դրա շրջանակներում մենք փաստացի վերակենդանացնում են պետության ռազմարդյունաբերական համալիրը: Եւ համագործակցությունը բավական հաջող է: Բացի այդ, ստորագրված համաձայնությունների շրջանակներում յուրաքանչյուր պետության առաջնայնություններ են տրվելու սպառազինություններ գնելու համար: Վերջին երկու տարում պատվերների թիվը աճել է 2,5 անգամ»,- նշել է Բորդյուժան:




























