Այսօր` մայիսի 21-ին Վրաստանի շուրջ 100 հոգեւորականներ Ադրբեջանին սահմանակից Դավիթ Գարեջի մենաստանային համալիրից երթ են սկսել, որի մի մասը ԽՍՀՄ ժամանակներից պատկանում է Ադրբեջանին, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

Ժամանել են նաեւ հարյուրավոր ուխտավորներ, որոնք եւս մասնակցում են բողոքի երթին: Այնտեղ կան նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ` ներառյալ պատգամավոր Ջոնդի  Բագատուրիան:

Ինչպես մայիսի 21-ի ճեպազրույցում հայտնել էր արտգործնախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն, նախկին քարտեզներով  համալիրի 98%-ը Վրաստանի տարածքն է, սակայն կան խնդրահարույց տարածքներ, եւ նրանց ճակատագրով կզբաղվի համապատասխան հանձնաժողովը: Ըստ նրա` երկու կողմերն էլ շահագրգռված են հարցը լուծել «կառուցողական, ընկերաբար»:

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Ութիաշվիլին հայտնել էր, որ Վրաստանի քաղաքացիները եւ արտասահմանյան զբոսաշրջիկները մուտք կունենան Դավիթ Գարեջիի մենաստանային համալիրի ողջ տարածքում, այդ թվում նաեւ այնտեղ, որն ադրբեջանական կողմն իրենն է համարում:

Ըստ նրա` նման համաձայնության հասել են երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների պայմանավորվածությամբ:

Վրաստանը պարտավորվել է ապահովել, որ իր այցելուները չներթափանցեն Ադրբեջանի տարածքի խորքը: Նախօրեին մի քանի հարյուր վրացի, որոնք իրենց անվանում են «Դավիթ Գարեջիի պաշտպաններ», հավաքվել էին Թբիլիսիում հանուն  6-րդ դարի մենաստանի պահպանության երթի, որը գտնվում է Ադրբեջանի սահմանին եւ որի սահմանապահները մայիսի 6-ին դիրքավորվել  էին պատմական համալիրի հատվածներում: