Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Պետական դումայում ռեկորդային թվով տեղեր է ստանում՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցության իր ողջ պատմության ընթացքում։ Այս մասին են վկայում ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեպտեմբերի 21-ի տվյալները։
Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ նախնական հաշվարկներով «Եդինայա Ռոսիան» իններորդ գումարման Պետդումայում ստանում է 355 պատգամավորական մանդատ։ Նրա խոսքով՝ կուսակցությունը հավաքում է քվեների 57,83 տոկոսը և առաջատար է 208 մեծամասնական ընտրատարածքներում։
Այսպիսով, կուսակցությունը գերազանցել է ստացած մանդատների թվով սեփական ռեկորդը։ 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով այն Պետդումայում ստացել էր 223 տեղ, 2007 թվականին՝ 315, 2011 թվականին՝ 238 տեղ։ 2016 թվականին պալատ էր անցել «Եդինայա Ռոսիայի» 343 թեկնածու, իսկ 2021 թվականին՝ 324։
Միևնույն ժամանակ, «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղար Վլադիմիր Յակուշևը հայտարարել է, որ կուսակցությունը փոխզիջումային մոտեցում է ցուցաբերելու իններորդ գումարման Պետդումայի հանձնաժողովներում տեղերի բաշխման հարցում։





























