Պատերազմ կլինի, Ադրբեջանը դա չի թաքցնում և պատրաստվում է դրան․ նա ցանկանում է ստանալ ամբողջ Հայաստանը։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։
Նա նշել է, որ Իրանը թույլ չի տալիս մեզ կուլ տալ։ Կարապետյանի գնահատմամբ՝ եթե Թեհրանը չպահի Հայաստանը, ապա ինքն էլ կկործանվի։ Նա ընդգծել է, որ Չինաստանը նույնպես շահագրգռված է Հայաստանի պետականության պահպանմամբ։
Արկադի Կարապետյանը հավելել է, որ «եթե Ռուսաստանը չզղջա և մեզ չվերադարձնի Ղարաբաղը, ապա նա պատերազմից դուրս չի գա և կվերանա»։
«Ինչպե՞ս է նա հիմա ուզում վերցնել Դոնեցկը։ Պատերազմով։ Ճիշտ այդպես էլ պետք է մեզ վերադարձնի Ղարաբաղը։ Չէ՞ որ նա պատերազմով հանձնեց Ղարաբաղը՝ չպաշտպանելով մեզ։ Ինչո՞ւ 1990-ականներին մենք առաջխաղացումը չշարունակեցինք։ Ռուսները չթույլատրեցին։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու մյուսները պայմանավորվեցին և հանձնեցին Ղարաբաղը»,- հավելել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատարը։











