Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) դադարեցրել է թռիչքները Նյու Յորքի, Բոստոնի, Ֆիլադելֆիայի և Նյու Ջերսիի օդանավակայաններում՝ շինարարական բրիգադների՝ օդային երթևեկության կառավարման համար անհրաժեշտ օպտիկամանրաթելային մալուխը վնասելուց հետո, հաղորդում է BBC-ն։
Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ներկայացուցիչ Բրայան Բեդֆորդը հայտնել է, որ համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ մալուխը, որը ուղղորդում է ինքնաթիռները թռիչքի և վայրէջքի ժամանակ, վնասել են Նյու Ջերսիում շինարարական բրիգադները։ Պաշտոնյայի պատմելով՝ մալուխի երկարությունը մոտ 183 մետր է եղել, և այն պատահաբար վնասվել է շինարարության ընթացքում։ Դրա վերանորոգման համար կպահանջվի 13 ժամ։
Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է անջատել բոլոր համակարգերը, նրա բնորոշմամբ՝ «ախտահանել օդային տարածքը» և համոզվել բոլոր չվերթների անվտանգության մեջ։ Պաշտոնյայի գնահատմամբ՝ այս պահին մոտ 90 չվերթ վերաուղղվել է այլ շրջաններ, իսկ Բեդֆորդն ասել է, որ չգիտի չեղարկված չվերթների ճշգրիտ թիվը։
Չվերթների ուշացումները սկսվել են երկուշաբթի առավոտյան, երբ տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել լքել թռիչքուղիները։ Բոստոն Լոգանի միջազգային օդանավակայանն ուղևորներին նախազգուշացրել է ամբողջ երկրում օդանավակայանների աշխատանքի հնարավոր խափանումների մասին։





























