Ներկայումս Հայաստանի տարածքում գործում է 119 հակակարկտային կայան (15 Արագածոտնի, 48` Արարատի, 55` Արմավիրի եւ 1` Լոռիի մարզերում): Այս մասին այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը:

Նրա խոսքով, դրանց պաշտպանության տակ է գտնվում 42 համայնք` շուրջ 9500 հա մշակովի հողերով: Վերջին շրջանում կարկտային երեւույթները չեզոքացնելու նպատակով իրականացվել է մոտ 110 000 կրակոց, որոնց արդյունավետությունը գրեթե 80 տոկոս է:

Կառավարությանն է ներկայացվել ծառայության զարգացման ծրագիր, ըստ որի նախատեսվում է կառուցել 80 գազագեներատորային եւ 30 ռեագենտային կայան:

Ներկայումս գրեթե պատրաստ է 35 նոր կայան, որոնցից 15-ը կտեղադրվի Արագածոտնի, 14-ը` Արմավիրի, իսկ 6-ը` Լոռիի մարզերում: Նոր կայաններից 9-ը շարժական են:

Այս օրերին հանրապետությունում դիտվում են առատ տեղումներ եւ առաջիկա օրերին սպասվող եղանակին անդրադարձավ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Բնակիչներին հատկապես անհանգստացրել էին վերջերս գրանցված պղտոր տեղումները: Դրանք հիմնականում պայմանավորված էին Սիրիայի անապատային գոտուց ցիկլոնի բերած փոշով, որը խառնվել էր անձրեւի կաթիլներին ու միանգամայն անվտանգ են մարդկանց համար:

Առաջիկա հինգ օրը հանրապետությունը գտնվելու է ցիկլոնի ազդեցության տակ: Սպասվում են անձրեւ, ամպրոպ եւ կարկուտ: Ջերմաստիճանն էապես չի փոխվի»,-ասել է նա: