Երևանյան հանրային տրանսպորտում հետրթական միջադեպն է գրանցվել։ Վեճ է ծագել հսկիչի և կին ուղևորի միջև։

Վերջինս իր բանկային քարտը պարզել էր և դիմելով հսկիչին ասաց, որ դատի է տալու նրան. «Ստուգենք հենց հիմա իմ քարտը, տեսեք, որ վճարել եմ»։

Հսկիչը ասաց. «Ես ասեցի ներկայացրեք, դու ասացիք՝ չեմ ներկայացնում, իսկ չներկայացնելը հավասարզոր է չվճարելուն»։

Կինը հակադարձեց. «Ոչ, ես չեմ ասել՝ չեմ ներկայացնում, ասել եմ՝ տվեք ինձ թուղթ, որով դուք իրավունք ունեք ստուգելու։ Դուք պետք է որոշումն ինձ ներկայացնեք, ո՞ւր է որոշումը։ Ստոր տականքներ, ստուգեք հենց հիմա, ես վճարել եմ։ Ես հենց հիմա կզանգեմ ոստիկանություն»։

Հսկիչը արձագանքեց. «Զանգեք ոստիկանություն, Դուք իրավունք չունեք հայհոյելու։ Դուք չներկայացրեցիք, դա հավասարազոր է չվճարելուն։ Եթե վճարել էիք՝ ներկայացնեիք»։ Նա հրաժարվում էր ստուգել ուղևորի քարտը, փոխարենը նրան տվեց տուգանելու փաստն արձանագրող կտրոնը»։

Մեկ այլ ուղևոր, որ տեսանկարահանում էր տեղի ունեցողը, ասաց. «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, հիմա այս մարդկանց դարձնում են տուգանքի մատերիալ։ Տիգրան Ավինյան, հիմա այս տեսանյութը ձեզ եմ ուղարկելու ու դուք տեսեք, թե ձեր աշխատակիցները ոնց են մտնում ավտոբուս, շանտաժի ենթարկում մարդկանց և տուգանք գրում, հետո մարդկանց դատարաններ քարշ տալիս»։

Տուգանված կինն էլ հայտարարեց, որ անպայման բողոքրկելու է այդ որոշումը և վերականգնելու է իր իրավունքները։