Այսօրվա դրությամբ Հայաստանում բարձրացվել է պետական ոլորտի շուրջ 20,000 աշխատակցի աշխատավարձ։ Սեպտեմբերի 22-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։

Այսպիսով, ինչպես նշել է պատգամավորը, աշխատավարձերը բարձրացվել են ոչ միայն պատգամավորների ու նախարարների, այլև հենց պետական ոլորտի շարքային աշխատողների համար։

Աշխատավարձերի բարձրացումը նա, մասնավորապես, հիմնավորել և արդարացրել է մասնավոր ոլորտից որակյալ մասնագետներ ներգրավելու և եղած կադրերին պահպանելու անհրաժեշտությամբ։

Խորհրդարանականը նաև պարզաբանել է, որ շարքային աշխատակիցների աշխատավարձերի աճը չի կարող չանդրադառնալ նրանց ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վրա։

«Փոխնախարարի աշխատավարձը չի կարող ավելի բարձր լինել, քան բուն նախարարինը։ Սրանից ելնելով՝ որոշվեց վերանայել նաև նախարարների աշխատավարձերը»,- պարզաբանել է Չախոյանը։

Նույն սկզբունքը, ինչպես նշել է պատգամավորը, վերաբերում է նաև պատգամավորներին։

«Փոխնախարարի աշխատավարձը, գործակիցների առումով, չի կարող ավելի բարձր լինել, քան պատգամավորի աշխատավարձը»,- հավելել է իշխանության ներկայացուցիչը։