Իրաքի Բասրա քաղաքում Թուրքիայի հյուպատոսության դեմ հակաթուրքական բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի ժամանակ Թուրքիայից պահանջվել է Իրաքին հանձնել փախուստի մեջ գտնվող Իրաքի փոխնախագահ Թարիք ալ Հաշիմիին։
Ինչպես տեղեկացնում է ANF գործակալությունը, բողոքի մասնակիցները Բասրայում Թուրքիայի հյուպատոսության շենքի դիմաց այրել են Թուրքիայի դրոշը, հնչեցրել Էրդողանին վիրավորող կարգախոսներ։
Բողոքի մասնակիցները զգուշացրել են, որ 15 օրյա ժամկետում եթե Թուրքիան Իրաքին չհանձնի Իրաքի փոխնախագահին, իրենք կբոյկոտեն թուրքական ապրանքները եւ կվռնդեն թուրքական ընկերություններին։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կատարվածի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Իրաքի իր գործընկեր Հոշյար Զեբարիի հետ՝ հայտնելով Թուրքիայի անհանգստությունը հիշյալ դեպքի հետ կապված։
Նշենք, որ Բաղդադում մայիսի 3-ին սկսվել է Հաշիմի նկատմամբ հեռակա դատաքննությունը: Նա եւ նրա անձնական պահակազորի անդամները մեղադրվում են ահաբեկչական գործողությունների մեջ:
Հաշեմիի ձերբակալման հրամանը տրվել է նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին: Սուննի մահմեդական փոխնախագահը մեղադրվել է ահաբեկչությունների կազմակերպման եւ բաղդադյան դատարանի աշխատակիցների սպանության մեջ:




























