ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Իրանը սպասում է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների արդյունքներին, նախքան Վաշինգտոնի հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր կնքելը։
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Թրամփն ասել է, որ իր առաջ ընտրություն է կանգնած՝ Իրանի հետ գործարք կնքելու և հետագա ռազմական լարվածության սրման միջև։
«Իմ առաջ կարևոր որոշում է կանգնած։ Կկնքվի՞ արդյոք Իրանի հետ այնպիսի գործարք, որը նրան հնարավորություն կտա վերականգնվել և դառնալ երբևէ եղածից շատ ավելի հզոր երկիր, գուցե՝ Մերձավոր Արևելքի կամ նույնիսկ աշխարհի մեծագույն երկրներից մեկը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Միաժամանակ Թրամփը չի բացառել Իսլամական Հանրապետության ոչնչացման հնարավորությունը, եթե դիվանագիտական համաձայնության հասնել չհաջողվի։
«Կամ ես կոչնչացեմ Իսլամական Հանրապետությունը, և դա կանեմ արագ՝ երբեք նրանց հնարավորություն չտալով կրկին սպանել և կործանել մարդկանց ու երկրները»,- ասել է նա։
Թրամփը նաև հարց է բարձրացրել՝ արդյոք պետք է «նրանց դժոխք քշել՝ նրանց գոյատևելու ոչ մի շանս և մեծ ապագայի կամ հաջորդ սերունդների հույս» չթողնելով։
Այնուհետև ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ սպասում է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին։
«Ես հավատում եմ, որ մենք գործարք կկնքենք անմիջապես ընտրություններից հետո, որովհետև նրանց համար այլ կերպ վարվելը իմաստ չունի։ Նրանք սպասում են՝ տեսնելու, թե ես ինչպես հանդես կգամ միջանկյալ ընտրություններում»,- ասել է Թրամփը։





























