ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հայտարարել է Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնության ձեռքբերման մասին, որը, ըստ նրա, Միացյալ Նահանգներին կղզու «անվտանգության մշտական վերահսկողություն» է ընձեռում և թույլ տալիս զգալիորեն ընդլայնել ամերիկյան ռազմական ներկայությունը Արկտիկայում:
«Այս համաձայնագիրը, որը կնքվել է Դանիայի Թագավորության՝ անհավանական և հիանալի երկրի, և հենց Գրենլանդիայի ժողովրդի հետ, Միացյալ Նահանգներին անվտանգության և այս տարածքում առկա բոլոր այլ կարիքների մշտական վերահսկողություն է ընձեռում»,- հայտարարել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Վաշինգտոնի ոչ մի հակառակորդ առանց ԱՄՆ-ի գրավոր թույլտվության չի կարողանա Գրենլանդիայում ռազմական ներկայություն հաստատել կամ այնտեղ որոշակի ռազմավարական ներդրումներ իրականացնել:
«ԱՄՆ-ի ոչ մի հակառակորդի այլևս երբեք չի թույլատրվի ռազմական ներկայություն հաստատել Գրենլանդիայում կամ այնտեղ զգայուն ներդրումներ կատարել առանց մեր ուղղակի գրավոր հավանության»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնն անհապաղ սկսելու է ընդլայնել ռազմական ներկայությունը կղզում։
«Մենք անհապաղ կսկսենք համապատասխան վայրերում խոշոր ռազմական ներկայության ստեղծման գործընթացը։ Մենք կկառուցենք երկու շատ խոշոր ռազմական բազա»,- հայտարարել է Թրամփը։
Համաձայնագիրը պաշտոնապես պետք է ստորագրվի Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում։ Խոսքը ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի եռակողմ պայմանավորվածության մասին է։
Ընդ որում՝ համաձայնագիրը չի նախատեսում Գրենլանդիայի անցումն ԱՄՆ-ի ինքնիշխանության տակ։ Դանիան պահպանում է ինքնիշխանությունը կղզու նկատմամբ, իսկ Գրենլանդիան՝ ինքնորոշման իրավունքը։ Reuters-ի տվյալներով՝ պայմանավորվածությունը ենթադրում է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնում և երկու նոր ռազմական օբյեկտների ստեղծում՝ Նարսարսուակում՝ կղզու հարավում և Մեստերսվիգում՝ արևելյան ափին:
ԱՄՆ-ն արդեն իսկ ռազմական օբյեկտ ունի Գրենլանդիայում՝ Pituffik տիեզերական բազան: Նոր համաձայնագիրը կդառնա Սառը պատերազմի ժամանակներից ի վեր կղզում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքի ամենանշանակալի ընդլայնումը:
Գործարքով վերջ է դրվում է ռազմավարական առումով հարմար դիրք ունեցող Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունն ուժեղացնելու Թրամփի ձգտման շուրջ ամիսներ շարունակվող վեճին։ Ավելի վաղ նախագահը բազմիցս խոսել էր կղզին ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու անհրաժեշտության մասին, ինչը լարվածություն էր առաջացրել Դանիայի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ Վաշինգտոնի հարաբերություններում:




























