Փարիզի դատարանը ֆրանսիացի Հոլոքոստը ժխտած Վենսան Ռեյնուարին ութ ամսվա ազատազրկման է դատապարտել՝ հրապարակումների համար, որոնցում նա ժխտում էր նացիստական համակենտրոնացման ճամբարներում գազային խցիկների գոյությունը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Հոլոքոստի ժխտումը Ֆրանսիայում 1990 թվականից քրեական հանցագործություն է։
57-ամյա Ռեյնուարը մեղավոր է ճանաչվել 2024 և 2025 թվականներին ծայրահեղ աջակողմյան Rivarol հանդեսում հրապարակված հոդվածների կապակցությամբ։ Դրանցում նա գազային խցիկներն անվանել է «խորհրդային քարոզչություն» և «հորինված պատմություններ», ինչպես նաև պնդել, որ հազար մարդու համար նախատեսված մեծ գազային խցիկները, իբր, «տեխնիկապես անհնար էին»։
Դատարանը նշել է, որ գազային խցիկների գոյության ժխտումը փաստացի նշանակում է բուն Հոլոքոստի ժխտում, քանի որ խոսքը նացիստների կողմից հրեաների զանգվածային ոչնչացման հիմնական մեթոդներից մեկի մասին է։
«Ժխտելով գազային խցիկների գոյությունը՝ հրեաների ոչնչացման խորհրդանիշը՝ անկախ դրանց չափերից կամ տարողությունից, ամբաստանյալը ժխտում է Հոլոքոստի գոյության փաստը՝ կասկածի տակ դնելով դրա հիմնական մեթոդներից մեկը»,- ասվում է դատարանի որոշման մեջ, որին ծանոթացել է Ֆրանսպրես գործակալությունը։
Ռեյնուարը նաև մեղավոր է ճանաչվել հակասեմական վիրավորանքի համար, քանի որ հրեաներին անվանել էր «ախտածին»։ Դատարանի գնահատմամբ՝ այդ կերպ նա «հրեա ժողովրդին հանգեցնում է միկրոբի, որը վարակի աղբյուր է»։
Սա Ռեյնուարի արդեն տասներորդ դատավճիռն է 2006 թվականից ի վեր։ Նախորդ գործերի մեծ մասը նույնպես կապված էր մարդկության դեմ հանցագործությունների ժխտման հետ։




























