Չեմ ուզում մեկնաբանել Հմայակ Հովհաննիսյանի մտքի փայլատակումները, ով հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը եկել են սկզբունքային համաձայնության նոր կոալիցիայի ձեւավորման հարցում, եւ ներկայումս կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում մանրամասների շուրջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, իր համար հիմք է ԲՀԿ առաջնորդի, նաեւ լիազորված անձի հայտարարությունը:
«Ոչ ոք իրավունք չունի ինչ-որ բան պահանջել Հանրապետական կուսակցությունից, իսկ ՀՀԿ-ն թույլ չի տա որեւէ մեկին խոսել վերջնագրի լեզվով: Մեր գործընկերները կոալիցիայում ` «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների մտքով էլ չէր անցնում մեզ հետ վերջնագրի լեզվով խոսելու: Դրանք Հմայակ Հովհաննիսյանի մտքի փայլատակումներն են»:
Ինչ վերաբերվում է կոալիցիայի ձեւավորման հավանականությանը, Շարմազանովի խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանը անցկացնում է քաղաքական խորհրդակցություններ տարբեր կուսակցությունների առաջնորդների եւ ներկայացուցիչների հետ, եւ այդ խորհրդակցություններից հետո, ամենայն հավանականությամբ մայիսի 24-ից հետո, կկայանա ՀՀԿ-ի Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում կկայացվի որոշումը:
«Մեր դիրքորոշումը այդ հարցում մնում է անփոփոխ ` մենք հանդիսանում ենք համախմբման, համաձայնության եւ խաղաղության կողմնակիցներ: Սակայն ոչ մի կոալիցիա չի կարող լինել ինքնանպատակ: Կոալիցիան պետք է ձեւավորվի ընդհանուր ծրագրերի եւ մեկ ղեկավարի շուրջ , իսկ այդ ղեկավարը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է», - ամփոփեց Շարմազանովը:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ ունեցած զրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը, հայտարարել էր, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն եկել են սկզբունքային համաձայնության նոր կոալիցիայի ձեւավորման հարցում եւ ներկայումս կողմերի միջեւ ընթանում են բանակցություններ մանրամասների շուրջ:
Նրա խոսքով, ներկայումս ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն ձգտում են հստակեցնել մոտեցումները ամենահիմնական հարցում , կապված վարչապետի թեկանծության հետ. «ԲՀԿ-ն, անշուշտ, ցանկանում է, որպեսզի վարչապետի պաշտոնը հատկացվի իրեն, եւ որ այդպիսով ՀՀԿ-ն անուղղակի ճանաչի, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը եւ, որպեսզի , գիտակցելով այդ, ՀՀԿ-ն այդ հարցում մեզ ընդառաջ գնա»,- ասել է Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով, եթե ՀՀԿ-ն չգնա զիջման վարչապետի նշանակման հարցում, հավանական է, որ Կառավարությունում կավելանա ԲՀԿ-ական նախարարների թիվը, քանի որ ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն ընդլայնել է իր ներկայությունը խորհրդարանում:




























