Յակուտիայում, որտեղ ջեռուցման սեզոնը մեկնարկել էր դեռևս օգոստոսի վերջին, իր աշխատանքն է դադարեցրել տարածաշրջանի խոշորագույն էլեկտրակայաններից մեկը՝ Ներյունգրիինը (ՊՇԷԿ — պետական շրջանային էլեկտրակայան)։ Պատճառը կայանի տարածքում բռնկված հրդեհն է, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով սեպտեմբերի 22-ի առավոտյան և ընդգրկել 90 քմ տարածք։ Ինչպես հայտնել են ԱԻՆ հանրապետական վարչության մամուլի ծառայությունից, արտակարգ պատահարի հետևանքով վնասվել են թիվ 1 էներգաբլոկի տրանսֆորմատորային ենթակայանը, գեներատորը, տեխնիկական սարքավորումներն ու մի շարք այլ օբյեկտներ։ Գերատեսչության տվյալներով՝ հրդեհի ժամանակ տուժել է էլեկտրակայանի՝ 1993 թվականին ծնված մեկ աշխատակից։ Հրդեհն արդեն մարվել է. որպես բռնկման նախնական պատճառ նշվում է «էլեկտրասարքավորումների վթարային աշխատանքային ռեժիմը»։
Ներյունգրիի շրջանի ղեկավար Մաքսիմ Տերեշչենկոն հրդեհից հետո հայտարարել է կայանում ստեղծված «բարդ» իրավիճակի մասին և բարձր պատրաստվածության ռեժիմ սահմանել։ «Ներկայումս կայանը չի աշխատում։ Իշխանությունների առաջնահերթ խնդիրն է վերականգնել Ներյունգրի քաղաքի, ինչպես նաև Բերկակիտ և Սերեբրյանի Բոր ավանների ջերմամատակարարումը»,- ասված է վարչակազմի հաղորդագրության մեջ։ Ըստ «Yandex Եղանակ»-ի տվյալների՝ այս տարածաշրջանում գիշերային ժամերին ջերմաստիճանն արդեն իջնում է մինչև -4 աստիճան։ Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաևը հանձնարարել է քննարկել Ներյունգրիում և Սերեբրյանի Բորում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու հարցը՝ «բոլոր որոշումներն օպերատիվ կերպով կայացնելու համար»։
Տերեշչենկոյի խոսքով՝ Սերեբրյանի Բորում գործարկման են նախապատրաստում մազութով աշխատող կաթսաները, իսկ Ներյունգրիում մազութ են տաքացնում՝ ջրատաքացուցիչ կաթսայատունը միացնելու նպատակով։ Բացի այդ, ըստ վարչակազմի փոխանցած տեղեկությունների, հրդեհի հետևանքով առանց էլեկտրականության են մնացել Ներյունգրիի այն բնակիչները, որոնք միացված են «Գորոդսկայա» ենթակայանին։
Ներյունգրիի ՊՇԷԿ-ը հանրապետության խոշորագույն ջերմաէլեկտրակայանն է և Հարավային Յակուտիայում ջերմության ու էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական աղբյուրը (դրվածքային էլեկտրական հզորությունը՝ 570 ՄՎտ, ջերմայինը՝ 820 Գկալ/ժ): Հեռավորարևելյան գեներացնող ընկերությանը («ՌուսՀիդրո») պատկանող այս կայանը շահագործման է հանձնվել 1983 թվականին։
2021 թվականին Ներյունգրիի ՊՇԷԿ-ում մեկնարկել էր ավելի քան 5 մլրդ ռուբլի արժողությամբ սարքավորումների արդիականացման գործընթաց։ 2025 թվականի աշնանը «ՌուսՀիդրո»-ի ֆինանսական խնդիրների և ծանր սարքավորումների մատակարարման ժամկետների խախտման ֆոնին ՌԴ կառավարությունը թույլատրել էր մինչև 2028 թվականը հետաձգել կայանում յուրաքանչյուրը 225 ՄՎտ հզորությամբ ածխային երկու էներգաբլոկի գործարկումը։




























