Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ) դուրս գալու մասին՝ նշելով, որ քաղաքական գործունեությունը շարունակելու է որպես անկախ գործիչ։

«Ավելի վաղ հայտարարել էի՝ եթե կուսակցության ներսում դժգոհ են ինձնից կամ իմ դիրքորոշումից, ես կանեմ անհրաժեշտ քայլը։ Արված որոշ հայտարարություններից ելնելով՝ լքում եմ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը և հանրության դատին եմ հանձնում քաղաքական ճանապարհս որպես անկախ գործիչ շարունակելու որոշումը», — X-ի իր էջում գրել է Յավաշը։

Նա ուշադրություն է հրավիրել ընդդիմության ներսում առկա լուրջ ու տևական տարաձայնությունների վրա։ Յավաշի խոսքով՝ ինքը բազմիցս զգուշացրել է, որ ամիսներ շարունակվող քննարկումներն ու վեճերը (մասնավորապես՝ ԺՀԿ համագումարի որոշումներն անվավեր ճանաչելու դատական գործընթացի շուրջ) կարող են հանգեցնել կուսակցության «խոր պառակտմանը» և հարվածել «Թուրքիայում ժողովրդավարական քաղաքականության հույսերին»։

Մինչ այս Յավաշը բազմիցս հերքել էր այլ քաղաքական ուժ տեղափոխվելու մասին լուրերը։ Սեպտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո նա հայտարարել էր, որ այլ կուսակցություն անցնելու հարց հանդիպման ընթացքում չի քննարկվել։