Աշխարհաքաղաքական անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ուժեղ տնտեսություն ունենալ, որպեսզի երկրի բացվելուց չվախենանք, այլ, ընդհակառակը, ուրախանանք դրանով։ Իսկ եթե վախենում ենք, թե սահմանի բացումից հետո կթուլանանք, նշանակում է՝ տնտեսության մեջ ինչ-որ բան այն չէ։ Սեպտեմբերի 23-ին Հայաստանի տնտեսական անվտանգության թեմայով համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը։
«Մեր ոլորտը չի վախենում դրանից։ Ընդհակառակը, մեր բնագավառն այն ոլորտներից է, որոնք ձևավորում են այդ անվտանգությունը։
Սա տնտեսության այն եզակի ճյուղերից է, որը չի մտահոգվում սահմանների բացմամբ կամ փակմամբ, կամ առնվազն ավելի քիչ է մտահոգվում, քան մյուս ոլորտները։
Մեր ոլորտի զարգացման հիման վրա աճում են այլ ճյուղեր, այլ ձեռնարկություններ, այդ թվում՝ փոքրն ու միջինը։ Հաշվի առնելով տնտեսական կայունության ապահովման գործում մեր բնագավառի կարևորությունը՝ պետք է լիարժեք օգտագործել դրա ներուժը, ինչն այժմ չի արվում։
Մեր ոլորտը տնտեսության և պետության հենասյուներից է, սակայն դրա հնարավորությունները կարող էին շատ ավելի մեծ լինել, հատկապես հիմա, երբ տեսնում ենք կրիտիկական նշանակություն ունեցող մետաղների և հազվագյուտ հողային տարրերի գների աճը», — նշել է Ջանյանը։
Նա հավելել է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ստորագրած հայ-ամերիկյան հուշագրի առաջին երեք կետերը վերաբերում են հենց իրենց ոլորտին և հետաքրքրում են բոլորին։ «Այսինքն՝ մեր ոլորտը միջազգային ասպարեզում հետաքրքրություն կձևավորի մեր երկրի նկատմամբ, ինչը թույլ կտա կայուն հարաբերություններ հաստատել», — ընդգծել է Ջանյանը։




























