ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտպանել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ ՉԺՀ նախագահ Սի Ծինպինին ընդունել Սպիտակ տանը պետական պատվով՝ հայտարարելով, որ չինական ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակով շփումներից հրաժարվելն անպատասխանատու քայլ կլիներ։ Հայտարարությունը հնչել է մի շարք հանրապետականների, նրանց թվում՝ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ռոջեր Ուիքերի քննադատությունից հետո, հաղորդում է NBC News-ը։

«Այն գաղափարը, թե մենք չպետք է նրանց հետ շփվենք ամենաբարձր մակարդակով, անպատասխանատու է։ Դա վրդովեցուցիչ է։ Մենք պետք է դա անենք։ Դա չի նշանակում, որ մենք լուրջ տարաձայնություններ չունենք», — լրագրողներին ասել է Ռուբիոն։

Նա նշել, է որ նույնիսկ սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը պահպանում էր կապի ուղիները խորհրդային ղեկավարների հետ։ Ռուբիոն երկու երկրների առաջնորդների հանդիպումներն անվանել է պատասխանատու դիվանագիտության տարր։

«Կարծում եմ՝ պետական քաղաքականության տեսանկյունից պարզապես պատասխանատու է, որ մեր առաջնորդները խոսեն և հանդիպեն միմյանց հետ. հենց այդպես ենք մենք դրան նայում»,- հայտարարել է պետքարտուղարը։

Ռուբիոն նշել է նաև, որ Սիի այցը Վաշինգտոնի և Պեկինի միջև փոխադարձ այցերի վերաբերյալ պայմանավորվածության մաս է։ Ըստ նրա՝ այս տարվա սկզբին Չինաստանը հյուրընկալել էր ամերիկյան կողմին, իսկ այժմ հերթը հասել է, որ չինացի առաջնորդն այցելի ԱՄՆ։ Սի Ծինպինն ԱՄՆ-ում է պետական այցով սեպտեմբերի 23–25-ը։ Թրամփն անձամբ է դիմավորել նրան օդանավակայանում, իսկ սեպտեմբերի 24-ին Սպիտակ տանը կկայանա պաշտոնական դիմավորման արարողությունը։

Նախօրեին հանրապետական Ռոջեր Ուիքերը Սենատի ամբիոնից հայտարարել էր, որ եթե հնարավորություն ունենար խորհուրդ տալու Թրամփին, ապա խորհուրդ կտար չհրավիրել Սիին ԱՄՆ՝ նման «այնքան շքեղ ընդունելության» համար՝ հաշվի առնելով Վաշինգտոնի և Պեկինի միջև առկա տարաձայնությունները։

Ուիքերը Թրամփին կոչ է արել օգտագործել Սիի հետ բանակցությունները՝ քննարկելու մի ամբողջ շարք վիճահարույց հարցեր։ Դրանց թվում նա նշել է Չինաստանի աջակցությունը Իրանին, ույղուրներին առնչվող իրավիճակը և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ այլ մեղադրանքներ, ինչպես նաև Թայվանի նկատմամբ Պեկինի ռազմական ծրագրերը։ Բացի դրանից, սենատորը կոչ է արել քննարկել չինական զինված ուժերի լայնածավալ հզորացումն և հարևան երկրների նկատմամբ Պեկինի գործողությունները։

Սիի այցը դարձել է չինացի առաջնորդի առաջին պետական այցը ԱՄՆ ավելի քան տասը տարվա ընթացքում։ Թրամփի և Սիի բանակցությունների օրակարգում են առևտրատնտեսական հարցերը, հազվագյուտ հողային նյութերը, արհեստական բանականությունը և երկու երկրների հարաբերությունները։