ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պատրաստ է Իրանի հետ համաձայնագիր կնքել, որը երկրին թույլ կտա զարգանալ և բարգավաճել, սակայն համաձայնության հասնելուն խոչընդոտում է միջուկային զենքի հարցում Թեհրանի դիրքորոշումը, հաղորդում է Associated Press-ը։

«Նախագահը բաց է գործարքի համար, որը Իրանին հնարավորություն կտա լինել այն, ինչ նա պետք է լինի՝ մեծ և բարգավաճ երկիր»,- լրագրողներին ասել է Ռուբիոն չորեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Միաժամանակ, պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանը պնդում է «միջուկային զենք ունենալու ցանկությունը», ինչպես նաև շարունակում է աջակցել ահաբեկչությանը։ Ռուբիոյի գնահատմամբ՝ եթե այս դիրքորոշումը պահպանվի, Թրամփը կարող է «մի շարք տարբերակներ» դիտարկել, ներառյալ նոր ռազմական գործողությունները։

Ռուբիոն չի բացահայտել այս շաբաթ տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։ Միաժամանակ նա նշել է ԱՄՆ-ի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների միջև «կոնսենսուսի» առկայությունը Եմենում հութիների «խորապես խնդրահարույց» հարձակումների վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է նաև Հորմուզի նեղուցը «բաց և ազատ, առանց հարձակումների» պահելու անհրաժեշտությունը։ Այդ ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղով անցնում է համաշխարհային նավթի և այլ էներգակիրների մատակարարումների զգալի մասը։