Նյու Յորքի ոստիկանությունը և ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հետաքննում են երեք մարդու հայտնվելը, որոնք դուրս են եկել կոյուղուց Մանհեթենի կենտրոնում գտնվող այն հյուրանոցի մոտ, որտեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում պետք է կանգ առնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին։
Նրանց տվյալներով՝ երեք անհայտ անձ դուրս է եկել կոյուղուց Պարկ-ավենյուի շրջանում և փախել երկու ավտոմեքենայով։ Առայժմ ձերբակալություններ չեն կատարվել։
Նյու Յորքի ոստիկանությունը և Գաղտնի ծառայությունը ուսումնասիրում են տեսահսկման տեսագրությունները, ավտոմեքենաների համարանիշների ճանաչման համակարգերի տվյալները և այլ նյութեր, որոնք կարող են օգնել պարզել այդ անձանց ինքնությունը։
Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենախիստ հսկվող մասնակիցներից մեկն է։ Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների՝ Գլխավոր ասամբլեա ժամանող մոտ 130 համաշխարհային առաջնորդների շարքում իսրայելցի վարչապետը համարվում է պահպանվող այն անձանցից մեկը, որոնց նկատմամբ կա «սպառնալիքի ամենաբարձր մակարդակը»։
Միևնույն ժամանակ Նյու Յորքի ոստիկանությունում հայտարարել են, որ տեղի ունեցածը, հավանաբար, կապված չէ իսրայելցի վարչապետին սպառնացող վտանգի հետ։ Գերատեսչությունից հայտնել են, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն արձանագրվել էին դեպքեր, երբ մարդիկ ուժեղ անձրևներից հետո իջնում էին կոյուղային համակարգ՝ արժեքավոր իրեր և մետաղի ջարդոն փնտրելու համար։
«Այս միջադեպը համապատասխանում է նույն չափանիշներին»,- հայտարարել են գերատեսչությունում՝ միաժամանակ ընդգծելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անցկացման և վայրի զգայունության պատճառով ոստիկանությունը, նախազգուշական նկատառումներից ելնելով, դաշնային իրավապահ մարմինների հետ համատեղ լրացուցիչ ստուգումներ է անցկացնում։
Լրացուցիչ անվտանգության միջոցառումներ Նյու Յորքում գործարկվել են չորեքշաբթի լույս գիշերը և շարունակվել ամբողջ օրվա ընթացքում։ Իրավապահ մարմինները ստուգում են անհայտ անձանց հայտնվելու հանգամանքները և փորձում են պարզել, թե ովքեր են նրանք և ինչու էին կոյուղային համակարգում։





























