Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ընթացքում նախազգուշացրել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի նկատմամբ ռուսական հարվածների շարունակումը կհանգեցնի Ռուսաստանի էներգետիկ օբյեկտների դեմ պատասխան հարձակումների։
«Ուկրաինացիները հասկանում են, որ այս ձմեռը կարող է մեզ համար շատ ծանր լինել։ Բայց ի պատասխան մենք այլ ընտրություն չենք ունենա, քան այն ցավոտ դարձնել նաև Ռուսաստանի համար»,- հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը չի սահմանափակվի Դոնեցկի մարզի գրավմամբ և պատերազմի շարունակման դեպքում կձգտի գրավել ուկրաինական այլ քաղաքներ։ Ըստ նրա՝ նույնիսկ մասնակի հաղթանակը բավարար չի լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։
Զելենսկին ներկայացրել է ռուսական հարձակումների ինտենսիվության վերաբերյալ տվյալներ։ Ըստ նրա՝ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 2100 հրթիռ, որոնցից ավելի քան 950-ը եղել են բալիստիկ։
«Նրանք ամեն ժամ արձակում են Shahed տեսակի հարվածային անօդաչուներ։ Մենք պայքարում ենք դրանց դեմ օրական 24 ժամ, շաբաթը յոթ օր»,- ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ ռուսական հարձակումները միտված են ոչ միայն ենթակառուցվածքների ոչնչացմանը, այլև տնտեսական իրավիճակի վատթարացմանն ու ուկրաինացիների առօրյա կյանքի խաթարմանը։ Նա նշել է, որ հարվածները ազդում են նաև երեխաների վրա՝ խաթարելով նրանց ուսումը դպրոցներում։
«Ձեր երկիրը կդիմանա՞ր նման բանի»,- դիմել է Զելենսկին այլ պետությունների ներկայացուցիչներին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան չի ընտրել այս պատերազմը։ Ելույթը տեղի է ունեցել Կիևի նկատմամբ ռուսական նոր հարվածների ֆոնին․ քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 22-ը վիրավորվել են։





























