Չինաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդների շահերը սերտորեն փոխկապակցված են, երկրները պետք է առաջ մղեն կայուն հարաբերություններ և գտնեն փոխըմբռնման ճիշտ ուղին, հայտնել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը Միացյալ Նահանգներ իր այցի կապակցությամբ արված գրավոր հայտարարության մեջ։
«Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ, ոչ թե մրցակիցներ», - ընդգծել է Սի Ցզինպինը, նրա հայտարարությունը մեջբերում է «Սինհուա»-ն։
ՉԺՀ նախագահի խոսքով՝ երկու ժողովուրդների շահերը «խորապես փոխկապակցված են», ուստի նրա առաջ քաշած չինական ազգի վերածննդի քաղաքական հայեցակարգը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռչակած Ամերիկայի մեծության վերածննդի հայեցակարգը «կարող են ընթանալ ձեռք ձեռքի տված, լրացնել միմյանց և օգտակար լինել ողջ աշխարհին»։
Սի Ցզինպինը, ըստ «Սինհուա»-ի, վստահություն է հայտնել, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը «կկարողանան գտնել փոխըմբռնման ճիշտ ուղին նոր դարաշրջանում»։
«Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է աշխատեն նույն ուղղությամբ, նպաստեն կայուն հարաբերություններին, որոնք հիմնված են համագործակցության, չափավոր մրցակցության, տարաձայնությունների կառավարման և խաղաղության խոստումների վրա», - կարծում է ՉԺՀ առաջնորդը։
Ավելի վաղ Թրամփը կնոջ՝ Մելանիայի հետ միասին անձամբ ողջունել էր Սի Ցզինպինին, որը ժամանել էր ԱՄՆ այցով։
Ամերիկյան հեռուստաալիքները ցուցադրել են կադրեր Էնդրյուս ավիաբազայից (Մերիլենդ նահանգ), որտեղ վայրէջք էր կատարել չինացի առաջնորդի ինքնաթիռը։ Թրամփը հյուրին դիմավորել է թռչող սարքի սանդուղքի մոտ և կարճ զրուցել նրա հետ։
Երկու առաջնորդների բանակցությունները, ինչպես սպասվում է, կսկսվեն հինգշաբթի առավոտյան՝ տեղական ժամանակով, Վաշինգտոնում (հինգշաբթի օրվա երկրորդ կեսին՝ Մոսկվայի ժամանակով)։ Սի Ցզինպինի այցը կավարտվի ուրբաթ օրը։





























