ԱՄՆ ռազմածովային ուժերը, Իրանի ծովային շրջափակումը վերսկսելուց ի վեր, արդեն կանգնեցրել են դեպի իրանական նավահանգիստներ ուղևորվող կամ այնտեղից դուրս եկող 115 առևտրային նավ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի Մերձավորարևելյան կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Սեպտեմբերի 23-ի դրությամբ Կենտրոնական հրամանատարության ուժերը հետ են ուղղորդել 115 առևտրային նավ՝ ամերիկյան «պոլատե պարսպի» պես ամուր շրջափակման խիստ պահպանումն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ ՌԾՈՒ-ն հուլիսի 14-ին վերսկսել է դեպի Իրանի նավահանգիստներ ու ափամերձ շրջաններ շարժվող կամ այնտեղից դուրս եկող նավերի ծովային շրջափակումը։ Նախորդ ռեժիմը գործել էր ապրիլի 13-ից հունիսի 18-ը։ Այդ ընթացքում Կենտրոնական հրամանատարության ուժերը հետ էին ուղարկել շրջափակման պահանջներին ենթարկվող 142 նավ, շարքից հանել պահանջները խախտած 9-ը և թույլատրել մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 50 առևտրային նավի անցնել շրջափակման գոտով։

Անցած շաբաթ օրը CENTCOM-ի ղեկավար Բրեդ Կուպերը հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները վերջին ամիսներին Պարսից ծոցից Հորմուզի նեղուցով ապահովել են ավելի քան 1 միլիարդ բարել նավթի տեղափոխումը։

Կուպերը նշել է, որ ԱՄՆ զինվորականներն ուղեկցել ու պաշտպանել են ավելի քան 2000 առևտրային նավերի տեղաշարժը։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ ամերիկյան շրջափակման պատճառով Իրանին չի հաջողվել նավթ արտահանել։

Ծովակալի խոսքով՝ վերջին երկու շաբաթում նեղուցով ավելի շատ նավթ, գազ և այլ բեռներ են անցել, քան նախորդ վեց ամսվա ցանկացած այլ հատվածում։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն համագործակցում է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի, նավատերերի և ապահովագրողների հետ՝ տարածաշրջանում նավագնացության ծավալներն ավելացնելու ուղղությամբ։