Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիաննա Պոդեստան հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են տապալել Վլադիմիր Պուտինի ռեժիմը՝ դրանով իսկ վերջ դնելով Ուկրաինայի դեմ պատերազմին և փոխելով սեփական երկրում տիրող իրավիճակը։ «Հենց Ռուսաստանի քաղաքացիներից է կախված՝ կունենա՞ն նրանք այս պատերազմին աջակցող կառավարություն, թե ոչ։ Ուստի, եթե ռուսաստանցիներն իրենց վրա զգում են այս պատերազմի հետևանքները, հնարավորություն ունեն հենց երկրի ներսում պայքարել դրա դեմ»,- նշել է Պոդեստան։
Այսպես նա պատասխանել է «Վոտ Տակ» պարբերականի հարցին՝ կապված Յուլիա Նավալնայայի մեկնաբանության հետ: Նավալնայան քննադատել էր ռուս օլիգարխներ Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու ԵՄ որոշումը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով հակապատերազմական դիրքորոշում ունեցող ռուսաստանցիների՝ Եվրամիությունում փաստաթղթերի օրինականացման հետ կապված խնդիրների վրա։
Նախօրեին ԵՄ երկրները Ուսմանովին և Ֆրիդմանին հանել էին պատժամիջոցների ցուցակից՝ միաժամանակ երեք տարով երկարաձգելով Ռուսաստանի հետ կապված շուրջ 3000 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները։ Ըստ Reuters-ի՝ որոշումն ընդունվել է Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի գործադրած ճնշումների արդյունքում։
Bloomberg գործակալությունն էլ պարզել է, որ Վլադիմիր Պուտինը վերջին տարիներին բազմիցս զգուշացրել է օլիգարխներին, որ նրանց դեմ կիրառված անհատական պատժամիջոցներն իրեն չեն վերաբերում, և որ նրանք պետք է ինքնուրույն ելք փնտրեն ստեղծված իրավիճակից։ Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ուսմանովին ի վերջո օգնել են Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ ունեցած նրա կապերը, իսկ Ֆրիդմանի վրայից սահմանափակումների հանումն անակնկալ է եղել նույնիսկ հենց իր համար։
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել լրտեսության մեղադրանքով Ադրբեջանում 10 տարվա ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանին։ Այս որոշումն ընդունվել է Ուսմանովին ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանելուց անմիջապես մեկ օր անց։ Ըստ Euronews-ի՝ Ռայանի ազատ արձակումը կարող էր Փարիզի և Բաքվի միջև Ուսմանովի դեմ պատժամիջոցների չեղարկման հետ կապված պայմանավորվածության մի մաս լինել։ Ֆրանսիայի իշխանությունները, սակայն, հերքում են նման պայմանավորվածության գոյությունը:
Լյուքսեմբուրգն էլ, իր հերթին, պահանջում էր չեղարկել Ֆրիդմանի դեմ կիրառված պատժամիջոցները։ Ավելի վաղ միլիարդատերը 15,8 միլիարդ դոլարի արբիտրաժային հայց էր ներկայացրել այդ երկրի դեմ, և Լյուքսեմբուրգը պնդում էր, որ իր դիրքերն այդ դատավարության շրջանակներում ավելի կթուլանան, եթե Եվրամիությունը ցուցակից հանի միայն Ուսմանովին։





























