Յուրի Գարանյանի սպանության մեջ հայերի մասնակցության մասին հայտարարությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Երկրամաս» թերթի խմբագիր Տիգրան Թավադյանը:
«Ավելի շուտ համապատասխան հայտարարությունները հաշվարկված են ներքին լսարանի համար»,-ավելացրեց Տիգրան Թավադյանը:

Ինչպես հայտնում է «Կավվազսկի ուզերը», Սոչիում Դաղստանի մշակութային կենտրոնի նախագահ Ռաշիդա Նուրմագոմետովան կարծիք է հայտնել այն մասին, որ թաեքվոնդոյի սպորտի վարպետ, 24-ամյա Յուրի Գարանյանի վերջերս տեղի ունեցած սպանության մեջ հայեր են ներգրավված եղել:

Վերջին ժամանակներս նկատվում է Սոչիի հայերի եւ եկվոր դաղստանցիների միջեւ հարաբերությունների լարվածություն: Մայիսի 1-ին Սոչիում տեղի էր ունեցել ծանգվածային ծեծկռտուք, որին մասնակցել էին մոտ 100 մարդ: Կռվի մասնակիցներից մեկը մահացել էր դանակի հարվածից ստացած վնասվածքից: Դա Սոչիի հայտնի սպորտսմեն, թաեքվոնդոյի սպորտի վարպետ, 24-ամյա Յուրի Գարանյանն էր:

Գարանյանի ծանոթներից մեկը զբոսնելիս է եղել իր տիկնոջ հետ «Ռիվյերա» զբոսայգում: Զույգին մոտեցել են մի խումբ մարդիկ, որոնցից մեկն իր վարքով վիրավորել է աղջկան: Տղամարդը հարվածել է նրան բռունցքով, սակայն կոնֆլիկտը դրանով չի ավարտվել եւ շարունակվել է Դոնսկայա փողոցի եւ Վինոգրադնայա նրբանցքի խաչմերուկում զանգվածային ծեծկռտուքով: Յուրի Գարանյանը հանդես էր գալիս 35 տարեկան ծանոթի կողմից եւ կռվի մեջ նրան դանակահարել են: