ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Microsoft կորպորացիան դադարեցրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ համագործակցությունը, ինչի հետևանքով դատարանը ստիպված է եղել անցնել այլընտրանքային թվային ծառայությունների: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է կառույցի պաշտպանության գծով առաջատար փաստաբան Գերտ-Յան Ալեքսանդր Կնոպսը։

«Գործող պատժամիջոցներն արդեն հանգեցրել են նրան, որ Microsoft-ի պես ընկերությունը խզել է դատարանի հետ կապերը, և վերջինս ստիպված է եղել անցնել այլ թվային ծառայությունների»,- նշել է նա՝ հավելելով, որ դա բարդացրել է դատավարություններին մասնակցող փաստաբանների գործը։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցները կարող են խաթարել կառույցի աշխատանքը, որի գործունեությունը քննադատում են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։ Մասնավորապես, երկրորդային պատժամիջոցների վտանգի պատճառով դատարանին սպասարկելուց բանկերի հրաժարվելը կարող է հարվածի տակ դնել ընթացիկ հետաքննություններն ու դատական գործընթացները։ Փաստաբանը կարծիք է հայտնել, որ անգամ Եվրամիության հնարավոր պաշտպանիչ քայլերը, որոնք միտված են ամերիկյան պատժամիջոցների հակազդմանը, բանկերի համար ռիսկերը չեն բացառի։

Կնոպսը կարծում է, որ ԱՄՆ-ի քայլերը կարող են անդրադառնալ դատարանի բոլոր 900 աշխատակիցների վրա՝ բարդացնելով նրանց ճամփորդություններն ու բանկային քարտերի սպասարկումը։ Նա տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում ՄՔԴ-ն աշխատակիցների աշխատավարձերն ու փաստաբանների հոնորարները վճարում է փուլերով՝ երեք ամսվա կտրվածքով։

Սեպտեմբերի 20-ին The Wall Street Journal պարբերականը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին և փաստաթղթերին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը լայնածավալ պատժամիջոցներ է նախապատրաստում ՄՔԴ-ի դեմ։ Նշվում էր, որ սահմանափակումները կվերաբերեն հատկապես դատարանի հետ իրականացվող ֆինանսական գործարքների մեծ մասին, ինչը «կարող է կաթվածահար անել կառույցի աշխատանքը՝ արգելելով դոլարային գործարքները և այն կտրելով ֆինանսական համակարգի մեծ մասից»։ ԱՄՆ ներկայիս վարչակազմն արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ-ի նկատմամբ։ Դատարանի պաշտոնյաների դեմ սահմանափակումներ նախատեսող հրամանագիրը Թրամփը ստորագրել էր 2025 թվականի փետրվարի 6-ին։ Ամերիկյան կառավարությունը դատարանին մեղադրում է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, օրինակ՝ Իսրայելի դեմ ոչ իրավաչափ գործողությունների մեջ։