Մենք մոտենում ենք Իրանի հետ պատերազմի յոթերորդ ամսին՝ հենց այն պատերազմին, որը, ինչպես Դոնալդ Թրամփը բազմիցս վստահեցրել էր մեզ, պետք է ավարտվեր «մի քանի շաբաթվա ընթացքում»։ Գները աճում են, զինծառայողների մարտական ոգին ընկնում է, իսկ իրավիճակի բարելավման նշաններ գրեթե չկան, գրում է Guardian-ը։

«Վիճակն այնքան հուսահատական է, որ Պենտագոնում որոշել են գործի դնել ծանր հրետանին։ Ես հիմա միջուկային զենքի մասին չեմ խոսում, թեև Թրամփը վերջերս սպառնացել էր «պայթեցնել ամբողջ երկիրը»՝ Իրանը։ Ո՛չ, ես խոսում եմ բլոգերներ Ջեյք և Լոգան Փոլ եղբայրների մասին, որոնք հայտնի են դարձել YouTube-ում իրենց հիմար հնարքներով և բռնցքամարտի մենամարտերով, որոնց ընթացքում իրենք հարվածներ էին ստանում դեմքին։

Անցած հինգշաբթի Փոլ եղբայրները Պաշտպանության նախարարության հրավերով այցելել էին Վաշինգտոն՝ «մեր զինվորների հետ հանդիպելու» և նրանց մոտիվացիոն ելույթով հանդես գալու համար։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպա և նախկին հանրապետական կոնգրեսական Ադամ Կինզինգերը այս ամենին արձագանքել է հետևյալ խոսքերով. «Հիմա մենք լուրջ երկիր չենք թվում»։ Դժվար թե ավելի լավ ասվեր։

Պետք է նրանց արժանին մատուցել․ Փոլ եղբայրները փորձել են համապատասխանել պահին։ Իր ելույթում Լոգանը Պենտագոն այցը բնութագրել է որպես «հրաշալի փորձառություն»։ «Չեմ կարծում, որ զոհաբերության ավելի բարձր աստիճան գոյություն ունի, քան նրանցը, ովքեր պատրաստ են ապրել, մահանալ և կռվել իրենց երկրի համար»։

Սակայն ինքը՝ Լոգան Փոլը, հազիվ թե պատրաստվում է այս պատրաստակամությունը ստուգել գործնականում։ Շատ ավելի հեշտ է միլիոններ վաստակել՝ հեռուստատեսությամբ ցուցադրական մենամարտեր կազմակերպելով։

Զինծառայողների համար մոտիվացիոն ելույթից բացի, Ջեյք Փոլը հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին և ԱՄՆ գանձապետին՝ քննարկելու, թե ինչպես «երիտասարդ ամերիկացիներին դարձնել ֆինանսապես ավելի անկախ»։

Զրույցն իսկապես խոստանում էր հետաքրքիր լինել։ 2023 թվականին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը Ջեյք Փոլին մեղադրել էր կրիպտոակտիվների ապօրինի գովազդման մեջ՝ առանց բացահայտելու, որ դրա դիմաց նա գումար է ստանում։ Ավելի ուշ բլոգերը կարգավորել է գործը՝ չընդունելով և չժխտելով ներկայացված մեղադրանքները։

Իր հերթին Լոգան Փոլը նույնպես բախվել էր CryptoZoo կասկածելի կրիպտոնախագծի հետ կապված հայցի, թեև հետագայում գործը կարճվել է։

Հենց այսպիսի մարդուն, ըստ ամենայնի, արժե հրավիրել ֆինանսների նախարարի մոտ՝ երիտասարդության ֆինանսական բարեկեցության մասին խոսելու համար, հատկապես այն պահին, երբ ԱՄՆ պետական պարտքը առաջին անգամ գերազանցել է 40 տրիլիոն դոլարը, իսկ նոր ֆինանսական անկայունության մասին խոսակցությունները գնալով ավելի բարձր են հնչում։

Թե կոնկրետ ինչպես են Ջեյք Փոլն ու Սքոթ Բեսենթը պատրաստվում երիտասարդ ամերիկացիներին ֆինանսապես անկախ դարձնել, մնում է անհասկանալի։ Բայց դժվար թե խոսքը վերաբերի ավանդական ճանապարհին՝ լավ սովորել, իսկ հետո ընդունվել համալսարան։

Ջեյք Փոլը չի թաքցնում իր արհամարհանքը կրթական համակարգի նկատմամբ։ 2020 թվականին նա գրել էր, որ հոգնել է ամերիկյան կրթական համակարգից, որը, նրա կարծիքով, երեխաներին չի տալիս «իրական կյանքի հմտություններ», որոնք անհրաժեշտ են ինքնուրույն ապագայի համար։

Մեկ այլ անգամ նա ավագ դպրոցը անվանել էր մի վայր, որտեղ երեխաները նստում են աշխարհագրության դասերին և առանց պատճառի սովորում, թե որտեղ է գտնվում Թիմբուկթուն։

Պատճառը, Ջեյք, թեկուզ այն է, որ պետք է իմանալ, թե որտեղ է գտնվում Թիմբուկթուն, նախքան ԱՄՆ-ը որոշի այնտեղ տապալել տեղի իշխանությունը՝ այն բանից հետո, երբ գլուխ կհանեն Իրանի և Գրենլանդիայի հարցերից։

Հակաինտելեկտուալիզմը միշտ էլ նշանակալի տեղ է զբաղեցրել ամերիկյան քաղաքականության մեջ։ Դեռ 1963 թվականին պատմաբան Ռիչարդ Հոֆստադտերը Anti-intellectualism in American Life գրքում գրում էր այն մասին, թե ինչպես գաղափարների մարդիկ ենթարկվում են այն մարդկանց, որոնք ունեն հուզական իշխանություն կամ մանիպուլյացիայի հմտություններ։

Սակայն, թեև նման տրամադրությունները ամենևին էլ նոր չեն, հեղինակը կարծում է, որ Թրամփի վարչակազմը դրանք հասցնում է նոր մակարդակի, որի հետևանքները դժվար կլինի շտկել։

ԱՄՆ-ը հայտնվել է փակ շրջանի մեջ․ Թրամփի վարչակազմը կրճատել է հետազոտությունների ֆինանսավորումը և խաթարել հազարավոր դրամաշնորհային ծրագրերի աշխատանքը, ինչի պատճառով բազմաթիվ հեռանկարային երիտասարդ գիտնականներ լքել են երկիրը։ Քանի որ փորձագիտական գիտելիքները դուրս են մղվում, իսկ քննադատական մտածողությունը վերանում է պետական ինստիտուտներից, Փոլ եղբայրների նման մարդիկ ավելի ու ավելի շատ հնարավորություններ են ստանում։

Այնուամենայնիվ, թերևս արժե գոնե ուրախանալ, որ առայժմ Փոլ եղբայրները պարզապես հանդիպում են Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Առնվազն առայժմ նրանք ուղղակիորեն չեն մասնակցում ռազմական կամ տնտեսական քաղաքականության ձևավորմանը։

Թեև, դատելով իրադարձությունների զարգացումից, դա միայն ժամանակի հարց է։

«Ես կկանխատեսեմ, որ ոչ հեռու ապագայում դուք կառաջադրվեք պետական պաշտոնի համար»,— հայտարարել էր Թրամփը Ջեյք Փոլին այս տարվա սկզբին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Բլոգերն ակտիվորեն աջակցում է MAGA շարժմանը, իսկ Թրամփն այն ժամանակ հավելել էր. «Դուք կստանաք իմ լիակատար և անվերապահ աջակցությունը»։

Այսպիսով, կարո՞ղ է քաղաքական փորձ չունեցող ևս մեկ շիկահեր ու մկանուտ տղամարդ մի օր դառնալ ԱՄՆ նախագահ։ Դիտեք «Ամերիկա․ Կայսրությունը փլուզվում է» սերիալի հաջորդ սեզոնը»։