ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերն է գրանցվել։

ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասից Աշոցք թաղամաս տանող ճանապարհին՝ կանգառի մոտ, զենք-զինամթերք է թողել։

Քրեական ոստիկանները քաղաքացու նշած վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ կար «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ։

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ապօրինի պահվող զենք-զինամթերք է թողել Երևան-Գյումրի ճանապարհին՝ Թալինի սպասասրահի մոտ։ Քաղաքացու նշած վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74»  տեսակի ինքնաձիգ և լիցքավորված փամփշտատուփեր։ 

ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները շարունակվելու են առավել հետևողականությամբ և հորդորում՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր։