Սինգապուրի հաջողությունը կարող է կապված լինել մի գործոնի հետ, որը դժվար է ուրախության պատճառ անվանել՝ դժբախտության զգացողության հետ, կարծում է երկրի նախկին արտգործնախարար Ջորջ Յեոն։
«Երբեմն դժբախտությունը կարող է լինել ձեռքբերումների անհրաժեշտ պայման», — հայտարարել է Յեոն Bloomberg-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Սինգապուրի պարադոքսի մասին հարցին․ այն աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է, բայց միևնույն ժամանակ ամենաերջանիկների շարքում չէ։
Սինգապուրը Ասիայում առաջին տեղն է զբաղեցնում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով, սակայն երջանկության տարբեր վարկանիշներում հաճախ հայտնվում է առաջատարներից հեռու։ Երկրի բնակիչները, այդ թվում՝ ամենաապահովվածները, հաճախ դժգոհում են կյանքի սրընթաց ռիթմից և գերծանրաբեռնված աշխատանքի մշակույթից, որոնք ուղեկցում են քաղաք-պետության տնտեսական հաջողություններին։
SEEK Workplace Happiness Index-ի համաձայն՝ սինգապուրցի աշխատողները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների շարքում բավարարվածության մակարդակով զբաղեցնում են վերջից երկրորդ տեղը։
Ipsos Happiness Index 2026-ում, որն ընդգրկում է 29 երկիր, Սինգապուրը ստացել է 73%՝ մի փոքր ցածր համաշխարհային միջին ցուցանիշից, որը 74% է։
World Happiness Report-ում երկիրը զբաղեցրել է 36-րդ տեղը 145 պետությունների շարքում։ Սինգապուրը բարձր գնահատականներ է ստացել կյանքի տևողության և կոռուպցիայի մակարդակի ընկալման համար, սակայն նրա դիրքը նվազեցրել է դրական հույզերի համեմատաբար ոչ բարձր ցուցանիշը։
Յեոն նաև հիշել է Սինգապուրի առաջին վարչապետ Լի Քուան Յուի խոսքերը, որը, դիմելով իր աշխատակիցներին, ասում էր․ «Մենք կարող ենք խոստանալ տնտեսական զարգացում, ենթակառուցվածքներ, կրթություն՝ ինչ ուզեք։ Բայց երբեք մի՛ խոստացեք երջանկություն»։




























