Չինաստանը մտադիր է հետագայում ևս համագործակցել Հայաստանի նման երկրների հետ՝ ՄԱԿ-ի շրջանակում սկզբունքներ ու գաղափարներ առաջ մղելու, անվտանգության, տնտեսության և այլ առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելու, ինչպես նաև համաշխարհային կառավարման համակարգը համատեղ զարգացնելու համար։ Սեպտեմբերի 24-ին Երևանի պետական համալսարանում ընթացող «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի համալսարանի Դիվանագիտության և արտաքին քաղաքականության ֆակուլտետի դոցենտ Ժեն Յուանչժեն։
Նա նշել է, որ ներկայումս ամբողջ աշխարհում համակարգային փոխակերպումներն ավելի արագ ընթացք են ստանում, իսկ անվտանգության ոլորտում բազմաթիվ նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս։
Փորձագետն ընդգծել է, որ Եվրոպայում բռնկված նոր ճգնաժամը համաշխարհային հետևանքներ ունի, Մերձավոր Արևելքում հակամարտությունների նոր ալիք է բարձրանում, պահպանվում է սպառազինությունների մրցավազքի սպառնալիքը, ավելանում են նաև ոչ ավանդական վտանգները, այդ թվում՝ ահաբեկչությունը, կիբեռհանցագործությունը, անդրազգային հանցավորությունն ու կենսաբանական սպառնալիքները։ «Անգամ ամենակայուն ու խաղաղ տարածաշրջաններն այսօր բախվում են անկայունության ու անորոշության հետ»,- շեշտել է Ժեն Յուանչժեն։
Նա հիշեցրել է, որ ստեղծված պայմաններում Չինաստանի նախագահ Սի Ծինփինն առաջ է քաշել «Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը», որին աջակցություն են հայտնել ավելի քան 100 երկրներ, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններ։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունն ու դրա հիմքում ընկած հայեցակարգն ամրագրվել են Չինաստանի և այլ պետությունների ու միջազգային կառույցների, այդ թվում՝ այս տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ավելի քան 90 երկկողմ ու բազմակողմ փաստաթղթերում։
«Գլոբալ անվտանգության նախաձեռնությունն անվտանգային խնդիրների լուծման ասիական մոտեցման կարևոր օրինակն ու մարմնավորումն է։ Չինաստանը սպառնալիք չի ներկայացնում որևէ երկրի համար և մարտահրավեր չի նետում որևէ մեկին, այլ, ընդհակառակը, հանդես է գալիս որպես խաղաղության ու կայունության ակտիվ պաշտպան ու երաշխավոր, իսկ Հայաստանը, ինչպես նաև այլ պետություններ, ՉԺՀ-ին դիտարկում են որպես գործընկեր, այլ ոչ թե մրցակից կամ հակառակորդ»,- նշել է փորձագետը։
Ժեն Յուանչժեն հավելել է, որ նախագահ Սի Ծինփինը բազմիցս շեշտել է, որ չինական դիվանագիտությունը մշտապես նպաստելու է խաղաղ զարգացմանը, երբեք չի ձգտելու գերիշխանության և սպառնալիք չի դառնալու աշխարհի համար։




























