ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր առաջին անգամ մեկնել է ԱՄՆ՝ Սթիվ Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների և Սպիտակ տան այլ ներկայացուցիչների հետ Ուկրաինայի շուրջ բանակցություններ վարելու համար, Reuters-ին հայտնել են այդ բանակցությունների նախապատրաստությանը ծանոթ երկու աղբյուրներ։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Դմիտրիևի խորհրդակցությունները ԱՄՆ նախագահի պատվիրակների հետ կանցնեն Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, և կդառնան սեպտեմբերին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի ու Քուշների միջև կայացած հանդիպման շարունակությունը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը հետաքրքրություն են հայտնել հացահատիկային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին նկատմամբ սահմանափակ հրադադարի գաղափարին։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաև հույս ունի, որ Պուտինը կընդունի դեկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։

Reuters-ի աղբյուրներից մեկը պատմել է, որ Դմիտրիևի Նյու Յորք այցի նպատակը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության շարունակությունն է. բանակցությունների թեմաները կլինեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցությունը, էներգետիկայի հարցերը և ուկրաինական հակամարտության կարգավորումը։

Ուիթքոֆի և Քուշների հետ նախորդ շփումների ընթացքում Դմիտրիևը ամերիկյան կողմի հետ պայմանավորվել էր ծովային ճանապարհով մատակարարվող ռուսական նավթի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների գործողությունը կասեցնելու շուրջ։ Այս անգամ նրա այցը տեղի կունենա մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Թրամփը ստորագրեց «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքը, որը նախատեսում է մինչև 100% մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք նավթ են գնում Կրեմլից։

Սեպտեմբերի սկզբին Ուիթքոֆն արդեն ութերորդ անգամ էր մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու։ Նրան ուղեկցում էր Քուշները, ում համար սա երրորդ այցն էր Ռուսաստան այն պահից ի վեր, ինչ Թրամփը նրան ընդգրկեց ուկրաինական հակամարտության կարգավորման թիմում։ Երեք ժամ տևած հանդիպումը, սակայն, որևէ արդյունք չտվեց․ «Bloomberg»-ի փոխանցմամբ՝ Պուտինը դիրքորոշումները զիջելու որևէ նշան չի ցույց տվել, թեև Վաշինգտոնից ակնարկում էին, որ սառած բանակցությունները վերսկսելու համար թարմ մոտեցումներ են անհրաժեշտ։