Քաղաքացիների կողմից ոսկու և կանխիկ ռուբլու արտահանումը սահմանափակող Վլադիմիր Պուտինի հրամանագիրն առաջիկայում կխստացվի։ Այս մասին Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի համաժողովում հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիթորինգի և արժութային վերահսկողության ծառայության ղեկավար Բոգդան Շաբլյան։

Ըստ մայիսի 1-ին ուժի մեջ մտած հրամանագրի՝ ֆիզիկական անձանց արգելվում է երկրից հանել 100 գրամից ավելի զտված ոսկու ձուլակտորներ։ Քաղաքացիներն ավելի շատ թանկարժեք մետաղ կարող են դուրս բերել միայն չորս օդանավակայանով (Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո՝ Մոսկվայում, ինչպես նաև Կնևիչի՝ Վլադիվոստոկում): Դրա համար անհրաժեշտ է Փորձագիտական պալատի թույլտվությունը։

Բացի այդ, ապրիլի 1-ից արգելվում է ԵԱՏՄ երկրներ տանել 10 հազար դոլարին համարժեք գումարից ավելի կանխիկ ռուբլի։ Ավելի մեծ գումարներ կարելի է հանել միայն միջազգային օդանավակայաններով՝ տեղյակ պահելով մաքսատանը, իսկ 100 հազար դոլարը գերազանցող ռուբլու դեպքում պահանջվում է գումարի ծագման աղբյուրը հավաստող փաստաթուղթ։

«Հրամանագիրն իսկապես շատ կարևոր է։ Հուսով ենք, որ այն կլրամշակվի ու մոտակա ժամանակներս կփոփոխվի, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ պետք է ավելի շատ կարգուկանոն հաստատել»,- ասել է Շաբլյան (ըստ Reuters-ի փոխանցման)։ Զուգահեռաբար Կենտրոնական բանկը պատրաստվում է ուժեղացնել բանկերում կանխիկ ռուբլու շրջանառության վերահսկողությունը, ինչը կվերաբերի հաշվին գումար մուտքագրելուն ու արտարժույթի փոխանակման գործարքներին։

Ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևն ավելի վաղ պարզաբանել էր, որ ոսկու արտահանման սահմանափակումները կապված են այն բանի հետ, որ այս թանկարժեք մետաղը դարձել է երկրից կապիտալ հանելու միջոց։ Ի դեպ, պատերազմի սկզբից ի վեր ռուսաստանցիները գնել են մոտ 200 տոննա ոսկի՝ օգտվելով նման գնումների համար ԱԱՀ-ի վերացումից։ Առևտրաարդյունաբերական պալատի թանկարժեք մետաղների կոմիտեի ղեկավար, «Կրասցվետմետ»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Դյագիլևն էլ նշել էր, որ միայն 2022-2023 թվականներին նման «ստվերային արտահանումը» կազմել է 20-25 տոննա։

«Շահավետ է այստեղ ոսկին գնել ռուբլով, հանել դուրս, վաճառել արտարժույթով և նորից փոխարկել։ Ամբողջ խաղը սրա վրա է կառուցված։ Ոսկու գինն այսօր շատ բարձր է, և հենց այդ տարբերությունն էլ ապահովում է շահույթը։ Շատ լավ մարժա է»,- նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել էր Ռոսֆինմոնիթորինգի ղեկավար Յուրի Չիխանչինը։

Ոսկու և կանխիկի արտահանումը սահմանափակելու մասին Պուտինի հրամանագրի շրջանակում մաքսատունն ուժեղացրել է հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին բանկերի ասոցիացիայի նույն համաժողովում հայտնել է ՌԴ ֆինանսների նախարարության ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Յակովլևը։

«Պահանջվում են բանկային քաղվածքների տեսքով հիմնավորող փաստաթղթեր, որոնք կվկայեն, որ նախկինում այդ գումարներն այս կամ այն կերպ անցել են բանկային համակարգով, հանվել են հաշվից կամ որպես վարկ ու փոխառություն են ստացվել միկրոֆինանսական կազմակերպությունից։ Դա արվում է նրա համար, որպեսզի ֆինանսական ենթակառուցվածքում կատարվի նույնականացում և հաստատվեն գումարի ծագման աղբյուրները»,- ասել է Յակովլևը։

Ըստ պաշտոնյայի՝ Ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը մտադիր են Դաշնային մաքսային ծառայության հետ համատեղ ստեղծել «միասնական տեղեկատվական դաշտ», որը հնարավորություն կտա ստուգել հիմնավորող փաստաթղթերի իսկությունը, վերահսկել դրանք և թույլ չտալ դրանց կրկնակի օգտագործումը։