Ֆրանսիան պաշտպանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ինքնաթիռին դեպի Միավորված ազգերի կազմակերպություն ուղևորվելիս ֆրանսիական օդային տարածքը հատելու թույլտվություն տալու որոշումը՝ հայտարարելով, որ միջազգային իրավունքը որևէ գործողություն ձեռնարկելու պահանջ չէր դնում՝ չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից նրա ձերբակալության հրամանագրին՝ ռազմական հանցագործությունների մեղադրանքներով։

Ֆրանսիան Հռոմի ստատուտի՝ ՄՔԴ-ի հիմնարար փաստաթղթի, մասնակից է և ձևականորեն պարտավոր է համագործակցել դատարանի հետ, ներառյալ՝ ձերբակալել կասկածյալներին, եթե նրանք գտնվում են իր տարածքում, հաղորդում է Reuters-ը։

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Պասկալ Կոնֆավրը լրագրողներին ասել է, որ թռիչքի թույլտվությունը «լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքին»։

«Հռոմի ստատուտը որևէ պարտավորություն չի սահմանում պետության տարածքի վրայով թռչող այն օդանավի վերաբերյալ, որի վրա գտնվում է անձ, որի նկատմամբ ձերբակալության օրդեր է տրվել»,- հայտարարել է Կոնֆավրը։

Միջազգային քրեական դատարանի օրդերի պատճառով Նեթանյահուն չի կարող ազատորեն այցելել բազմաթիվ երկրներ։ Հրամանագիրը 2024 թվականին արձակվել էր նրա, նրա այն ժամանակվա պաշտպանության նախարարի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նախկին ռազմական ղեկավարի նկատմամբ։

Իսրայելը չի ճանաչում Հաագայում տեղակայված դատարանի իրավազորությունը և հերքում է Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների մեղադրանքները։

Flightradar24 ավիաթռիչքների հետևման ծառայությունը ցույց է տվել, որ Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի վրայով։ Իտալիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ չի կարող անմիջապես պատասխանել, թե արդյոք իսրայելական իշխանությունները դիմել էին երկրի օդային տարածքով թռիչքի թույլտվության համար։

Անցյալ տարի Նեթանյահուն դեպի Նյու Յորք թռչել էր բարդ երթուղով՝ շրջանցելու մի քանի եվրոպական երկրների, դրանց թվում՝ Ֆրանսիայի, օդային տարածքը, հայտնել էին լրատվամիջոցները։

Վաշինգտոնը հայտարարել է ՄՔԴ-ն մեկուսացնելու արշավի մասին։ Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դատարանի մասնակից երկրներին դուրս գալ դրանից՝ ՄՔԴ-ն անվանելով «վերահսկողությունից դուրս եկած կազմակերպություն»։ Ֆրանսիան հայտարարել է, որ դատապարտում է դատարանի հասցեին հնչող սպառնալիքները։

Նեթանյահուն անսովոր կարճ այց է կատարել ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում համաշխարհային առաջնորդների առջև ելույթ ունենալու համար։ Նա Նյու Յորք է ժամանել արևելյան ժամանակով մոտ 9:00-ին և, ինչպես սպասվում էր, ելույթից հետո պետք է նույն օրը վերադառնար։