Արաբական Միացյալ Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի վարչությունը (GCAA) հայտարարել է, որ այսօրվանից՝ սեպտեմբերի 24-ից, մինչև հետագա ծանուցումը կասեցվում են իրանական ավիաընկերությունների օդանավերրի թռիչքները դեպի ԱՄԷ և երկրից դուրս, հաղորդում է Gulf News-ը։

GCAA-ում հաստատել են, որ որոշումն ընդունել է ԱՄՆ-ի սահմանած արգելքի պատճառով, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրների օդանավակայաններից օգտվելուն իրանական ավիաընկերությունների համար։

Գերատեսչությունում հայտարարել են նաև, որ կշարունակեն համապատասխան մարմիններին և հանրությանը տեղեկացնել ցանկացած փոփոխության մասին՝ դրանց ի հայտ գալուն զուգընթաց, մինչև երկու երկրների միջև նորմալ օդային հաղորդակցության վերականգնումը։

Արաբական Միացյալ Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի վարչությունը քաղաքացիներին կոչ է արել տեղեկություն ստանալ բացառապես պաշտոնական և լիազորված աղբյուրներից։