Սըր Թոնի Բլերը վարչապետ Էնդի Բերնհեմին կոչ է արել առաջիկա տասնամյակի ընթացքում Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական Միություն վերադառնալու ծրագիր ներկայացնել:

Լեյբորիստական կուսակցության նախկին վարչապետը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է հայտարարի ԵՄ վերադառնալու մտադրության մասին, եթե միությունը համաձայնի էական բարեփոխումների։

Նրա կարծիքով՝ վարչապետը պետք է անհապաղ հրաժարվի Brexit-ի հարցում տեղաշարժի ազատության, միասնական շուկայի և մաքսային միության հարցերում նախկին «կարմիր գծերից», որպեսզի Եվրամիության հետ «ժամանակակից հարաբերություններ» ձևավորի։

Հայտարարությունը, որը հնչել է կիրակի օրը Լիվերպուլում մեկնարկող Լեյբորիստական կուսակցության համաժողովից մի քանի օր առաջ, կմեծացնի ճնշումը Բերնհեմի վրա, որը մինչև դեկտեմբերին սահմանված՝ հարաբերությունների վերագործարկման շուրջ բանակցությունների վերջնաժամկետը պետք է ներկայացնի Մեծ Բրիտանիայի և ԵՄ հարաբերությունների վերաբերյալ իր ծրագրերը, գրում է Telegraph-ը։

Երեքշաբթի Բերնհեմը չբացառեց ԵՄ վերադարձի խոստումը Լեյբորիստական կուսակցության ապագա նախընտրական ծրագրում ներառելու հնարավորությունը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կցանկանար տեսնել Մեծ Բրիտանիայի վերադարձը միության կազմ՝ դեռ իր կյանքի ընթացքում։

Թոնի Բլերի ինստիտուտի՝ Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդի վերլուծական կենտրոնի զեկույցում ասվում է, որ Բերնհեմը պետք է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադարձը դարձնի իր ենթադրյալ 10-ամյա ծրագրի «հիմնաքարը»։

Զեկույցի նախաբանում սըր Թոնին գրել է. «Մենք պետք է հստակ հայտարարենք, որ ցանկանում ենք վերադառնալ ԵՄ-ի հետ պաշտոնական հարաբերություններին։ Սակայն դա պետք է լինի Եվրոպա, որը գտնվում է բարեփոխումների համոզիչ ուղու վրա, ազգային պետությունների Եվրոպա, Եվրոպա, որն ունակ է դառնալու իրական համաշխարհային տերություն»։

Բլերը հայտարարել է, որ «իմաստ չունի աստիճանաբար մոտենալ Եվրոպային՝ առաջնորդվելով նրանով, թե, մեր կարծիքով, ինչ կարող է ընդունել բրիտանական հասարակական կարծիքը», և Բերնհեմին կոչ է արել երկրի՝ ԵՄ լիարժեք վերադարձի ծրագիր ներկայացնել։

Նրա համոզմամբ՝ Մեծ Բրիտանիան պետք է օգտագործի բանակցությունները որպես «լծակ»՝ ԵՄ ներսում այն ուժերին աջակցելու համար, որոնք հանդես են գալիս բարեփոխումների օգտին, որոնք կարող են արագացնել տնտեսական աճը և ապահովել միգրացիայի նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն։

Բլերը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1997-2007 թվականներին, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ամրապնդի իր տնտեսությունը՝ բանակցային դիրքերն ուժեղացնելու և ցույց տալու համար, որ երկիրը «պատրաստ է մնալ անկախ», եթե ԵՄ-ն չհամաձայնի բարեփոխումներին։

Հինգշաբթի հրապարակված զեկույցը միաժամանակ Մեծ Բրիտանիային կոչ է անում արդեն հիմա հնարավորություններ փնտրել ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցության համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաները, էներգետիկան և պաշտպանությունը։

Փաստաթղթում ասվում է, որ Մեծ Բրիտանիան այլևս չպետք է հավատարիմ մնա նախկին «կարմիր գծերին», իսկ նախարարների կաբինետը պետք է կիրառի «ազդեցության առավելացման թեստ»՝ որոշելու համար՝ արդյո՞ք համագործակցությունը օգուտ կբերի երկրին։

Զեկույցում նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիան պետք է պատրաստ լինի զիջումների գնալ տեղաշարժի ազատության հարցում և ԵՄ-ի հետ բանակցել «բարեփոխված մոտեցման» շուրջ։

Զեկույցի եզրակացությունում նշվում է, որ «Մեծ Բրիտանիայի երկարաժամկետ նպատակը պետք է լինի վերադարձը բարեփոխված և ավելի ազդեցիկ ԵՄ», իսկ «Մեծ Բրիտանիան պետք է հստակ հասկանա, թե որ Եվրոպայի մաս կցանկանար դառնալ, և եվրոպական գործընկերների հետ աշխատի դրա ստեղծման ուղղությամբ»։