Չինաստանն աշխարհում համարվում է մեծությամբ երկրորդ տեսությունը և զարմանալի չէ, որ հանդիսանում է նաև Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերը։ Այս մասին NEWS.am–ի և «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Լի Սինվեյը՝ անդրադառնալով նրան, որ երկու երկրների միջև առևտուրը տարեցտարի աճում է, և 2025–ին երկու երկրների միջև առևտուրը հասել է 2.2 միլիարդ դոլարի։

«Մենք կարող եք ականատես լինել, թե որքան արագ է զարգանում Չինաստանի տնտեսությունը, և արդեն կարելի է ասել, որ անցնում է ԱՄՆ տնտեսությունից։ Չինաստանը զարգացնում և ամրապնդում է այնպիսի ռազմավարական և զարգացող ոլորտներ, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, նոր էներգետիկան և էներգիայի նոր աղբյուրները։ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 22.9 տոկոսով, և դա ցույց է տալիս, թե ինչքան արագ է զարգանում տնտեսության և առևտրի ոլորտում երկկողմ համագործակցությունը։ Եթե այդ տեմպը պահպանվի և կայուն մնա, հաջորդ տարիների ընթացքում մենք կունենանք էլ ավելի մեծ թվեր»,–ասաց նա։

Դեսպանը նկատեց, որ առևտրի ոլորտում երկկողմ համագործակցության մեջ գլխավոր խոչընդոտը լոգիստիկ հարցն է. «Եթե կարողանանք ճիշտ ճանապարհներ գտնել և լոգիստիկ հարցը լուծել, համագործակցությունը առևտրի ոլորտում էլ ավելի կակտիվանա ու կհեշտանա։ Երբ հայկական արտադրանքը մուտք է գործում չինական շուկա, լոգիստիկայի պատճառով, ճանապարհածախսի հաշվին Չինաստանում շատ բարձր գներով է վաճառվում։

Ես Հայաստանի տարբեր խանութներում ու սուպերմարկետներում տեսնում եմ, որ ապրանքները բավականին մատչելի են և բարձրորակ։ Մենք շատ ենք ուզում, որ նման բարձրորակ արտադրանքները մուտք գործեն չինական շուկա։ Եթե լոգիստիկ հարցը կարողանանք լուծել, ապա էլ ավելի շատ չինական արտադրանք մուտք կգործի հայկական շուկա և գնային առումով շատ ավելի մատչելի կլինի, քան հիմա է։

Չինական արտադրանքը իսկապես շատ բարձրորակ է և գնային առումով շատ ցածր։ Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ գովազդեմ չինական արտադրանքը, այլ իսկապես այդպես է։ Ես գիտեմ, որ Հայաստանում շատ զարգացած է գյուղատնտեսությունը և գյուղատնտեսական շատ բարձրորակ ապրանքներ կան, որոնք արտահանվում են նաև Եվրոպա, բայց եթե Չինաստանում շուկաներ, խանութներ գնաք, կտեսնեք այդ նույն արտադրանքները նույն որակի են և ավելի ցածր գնով։

Ես նաև գիտեմ, որ Հայաստանում շատ պահանջված է սուրճը, իսկ Չինաստանում մի նահանգ կա, որտեղ սուրճի 14%-ը հենց այդտեղ է արտադրվում։ Եթե լոգիստիկ հարցը լուծվի, հնարավոր կլինի շատ ցածր գներով սուրճ ներմուծել Հայաստան։

Չինաստանը նաև ենթակառուցվածքների շատ մեծ փորձ ունի, կան շատ կազմակերպություններ, որոնք բարձրորակ շինարարական աշխատանքներ են իրականացնում և հետագայում եթե Հայաստանում լինեն ծրագրեր, խորհուրդ կտամ դիտարկել չինական կազմակերպությունները»,–ասաց Լի Սինվեյը։

Նա նեց, որ չին զբոսաշրջիկները շատ են հավանում հայկական ուտեստները, հայկական խորովածն ու լավաշը. «Ես լինելով դեսպան, շատ եմ ցանկանում, որ հայկական արտադրանքները մուտք գործեն Չինաստան և չին հասարակությունը էլ ավելի շատ ծանոթ լինի հայկական որակյալ արտադրանքին, ինչպես նաև շատ եմ ուզում, որ Հայաստանում և Երևանում ավելի շատ լինեն չինական ռեստորանները։ Նաև կցանկանամ նշել, որ հայ ժողովրդի մեջ կան շատ խելացի մարդիկ, հայ ժողովուրդը փոքրուց շախմատ է խաղում, և կարելի է համապատասխան ոլորտներ գտնել, փորձի փոխանակում անել, միմյանցից սովորել։ Նաև գիտեմ, որ մեր երկու երկրները սիրում են ֆուտբոլ,և մեր երկու երկրների ֆուտբոլ խաղալու մակարդակը նույնն է և կարելի է այդ առումով էլ ինչ-որ համագործակցության եզրեր գտնել և փորձի փոխանակում իրականացնել։

Ես հանդիսանալով դեսպան, էլ ավելի շատ ջանքեր կգործադրեմ և կաշխատեմ, որպեսզի բոլոր ծրագրերը կարողանանք իրականացնել»,– հայտարարեց Չինաստանի դեսպանը։